Թուրքիա

Թրամփը լավատեսություն է հայտնել, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության կհասնեն

2 րոպեի ընթերցում

Թրամփը լավատեսություն է հայտնել, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության կհասնեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը ցանկանում են համաձայնության հասնել հակամարտության ավարտի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը։

«Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ ցանկանում են համաձայնության գալ», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ վերջին օրերին դրական զրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Նրանք երկուսն էլ ցանկանում են լուծել (հակամարտությունը).... Իմ կյանքում ես հենց դա եմ անում՝ գործարքներ եմ կնքում, և կարծում եմ՝ նրանք կկարգավորեն այն, հուսով եմ՝ շուտով», - նշել է Թրամփը։

Նա նաև հերթական անգամ հիասթափություն է հայտնել ՆԱՏՕ-ի իր գործընկերներից։

«Եթե այն (խմբ.՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը) չանցկացվեր Թուրքիայում, որտեղ իմ ընկերը (խմբ.՝ նկատի ունի Ռեջեփ Էրդողանին) շատ ուժեղ առաջնորդ է, շատ ուժեղ անձնավորություն, հնարավոր է, որ ես չմասնակցեի», - ասել է Թրամփը։

Նա կրկին դժգոհել է, որ ՆԱՏՕ-ին չի օգնել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողություններում։

«Մեզ հետ լավ չվարվեցին, որովհետև մենք ինչ-որ բան արեցինք Իրանում։ Մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ։ Ես նույնիսկ օգնություն չէի ուզում…. Նրանք ասացին, որ մեր կողքին չեն լինի, իսկ մենք տրիլիոնավոր դոլար ենք ներդրել ՆԱՏՕ-ում։ Ինչո՞ւ։ Եվրոպական երկրները և այլ երկրներ, Կանադան և այլ երկրներ պաշտպանելու համար», - ասել է ԱՄՆ նախագահը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Անկարայում անցկացվում է հուլիսի 7-8-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում