Կրթությունից մինչև կլինիկական համագործակցություն. նոր հեռանկարներ Հայաստանի առողջապահության համար
8 րոպեի ընթերցում
Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման կարևոր քայլերից մեկը կարող է դառնալ միջազգային մասնագիտական համագործակցության ամրապնդումն ու հայկական սփյուռքի փորձի համակարգված ներգրավումը։
ԱՄՆ-ում գործունեություն ծավալող ինտերվենցիոն ցավաբան, դոկտոր Արմեն Դերյանի համոզմամբ՝ կրթության, կլինիկական փորձի փոխանակման և երկարաժամկետ գործընկերությունների համադրման դեպքում Հայաստանը կարող է զգալի առաջընթաց գրանցել ցավի կառավարման և նվազագույն ինվազիվ բուժման ոլորտներում՝ դառնալով նաև տարածաշրջանային մասնագիտացված կենտրոն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ ԱՄՆ-ում աշխատում է որպես ինտերվենցիոն ցավաբան, իսկ իր մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են նվազագույն ինվազիվ ցավի կառավարումը, ռեգեներատիվ բժշկությունը, ողնաշարի ինտերվենցիոն միջամտությունները և պատկերային վերահսկմամբ իրականացվող պրոցեդուրաները։
Տարիների ընթացքում, նրա խոսքով, համագործակցել է բազմապրոֆիլ թիմերի հետ՝ բուժելով քրոնիկ ցավային համախտանիշներ, ողնաշարի հիվանդություններ, նեյրոպաթիկ ցավ և հենաշարժողական համակարգի հիվանդություններ։ Կլինիկական գործունեությանը զուգահեռ մշտապես ներգրավված է եղել կրթական ծրագրերի մշակման, երիտասարդ բժիշկների մենթորության և միջազգային մասնագիտական համագործակցությունների ձևավորման գործընթացներում։
«Հայաստանը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում, և վաղուց էի ցանկանում գտնել ուղիներ՝ մասնագիտական իմ ներդրումն ունենալու երկրի առողջապահական համակարգի զարգացման գործում»,- նշեց նա։
Խոսելով BRIDGE նախաձեռնության մասին՝ Դերյանը շեշտեց, որ այն պարզապես մասնագիտական ծրագիր չէ, այլ հարթակ, որի նպատակն է կամուրջներ կառուցել Հայաստանի և սփյուռքի, միջազգային փորձառության և տեղական առողջապահական համակարգի, ինչպես նաև կրթության, նորարարության և պացիենտակենտրոն խնամքի միջև։
Նրա խոսքով՝ նախաձեռնության առանձնահատկությունն այն է, որ այն չի սահմանափակվում կարճաժամկետ այցերով կամ խորհրդանշական համագործակցությամբ, այլ միտված է ձևավորելու կայուն մասնագիտական հարաբերություններ, կրթական փոխանակումներ, մենթորական ծրագրեր և իրական կլինիկական համագործակցություն։ Այն նաև նպաստում է Հայաստանի բժշկական հաստատությունների և սփյուռքի մասնագետների միջև տարիներ շարունակ գոյություն ունեցած բացերի հաղթահարմանը։
Մասնագետը համոզված է, որ Հայաստանը բժշկական մեծ ներուժ ունի, իսկ BRIDGE-ի կարևորագույն առաքելությունը համագործակցության, փոխադարձ վստահության և երկարաժամկետ մասնագիտական ներգրավվածության համար անհրաժեշտ կառուցվածքային հարթակների ստեղծումն է։
Նա կարևորեց նաև MEDam հարթակի գործունեությունը՝ նշելով, որ այն նպաստում է առողջապահության, միջազգային համագործակցության և բժշկական զբոսաշրջության միջև արդյունավետ կապերի ձևավորմանը։
«MEDam-ը Հայաստանը չի ներկայացնում միայն որպես բժշկական ուղղություն, այլ փորձում է ստեղծել համակարգեր, որոնք հիմնված են որակի, թափանցիկության, մասնագիտական վավերացման և պացիենտակենտրոն մոտեցման վրա»,- ասաց նա։
Դոկտոր Դերյանի գնահատմամբ՝ MEDam-ն ու BRIDGE-ը փոխլրացնում են միմյանց․ առաջինը նպաստում է մասնագիտական և կրթական համագործակցության զարգացմանը, իսկ երկրորդը ձևավորում է այն ենթակառուցվածքները, որոնք կարող են աջակցել միջազգային պացիենտների ուղեգծերին, բժիշկների համագործակցությանը, հեռաբժշկությանը և ապագա բուժական ծրագրերին։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնության տարածաշրջանային կենտրոն՝ հատկապես ցավի կառավարման, ինտերվենցիոն ռադիոլոգիայի, վերականգնողական բժշկության և նվազագույն ինվազիվ միջամտությունների ոլորտներում։
Նա նշեց, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է մի շարք բժշկական հաստատություններում, այդ թվում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, Ինտերվենցիոն ռադիոլոգիայի կենտրոնում, «Արաբկիր» բժշկական համալիրում և «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում։
Նրա խոսքով՝ բոլոր կենտրոններում հանդիպել է բարձր պրոֆեսիոնալիզմի, մոտիվացվածության և համագործակցության պատրաստ ղեկավարների ու մասնագետների։
«Յուրաքանչյուր կենտրոն ուներ իր ուժեղ կողմերը, սակայն բոլորին միավորում էր ժամանակակից բժշկությունը զարգացնելու, նվազագույն ինվազիվ բուժման հնարավորություններն ընդլայնելու և միջազգային համագործակցությունն ամրապնդելու հստակ ձգտումը»,- նշեց նա։
Դոկտոր Դերյանին հատկապես տպավորել է երիտասարդ բժիշկների և օրդինատորների հետաքրքրվածությունն ու մասնագիտական ոգևորությունը։
Խոսելով սփյուռքահայ բժիշկների հնարավոր ներգրավվածության մասին՝ նա նշեց, որ արդեն այսօր բազմաթիվ մասնագետներ հետաքրքրված են BRIDGE-ի նման նախաձեռնությունների միջոցով Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությամբ՝ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոնակարգերի և լիցենզավորման պահանջների պահպանմամբ։
Նրա խոսքով՝ սփյուռքահայ մասնագետները կարող են կարևոր դեր ունենալ ոչ միայն կլինիկական աշխատանքում, այլև կրթական ծրագրերի, աշխատաժողովների, մենթորության, հրավիրյալ պրոֆեսորների ծրագրերի և պացիենտների համատեղ խնամքի մոդելների զարգացման գործում։
«Խոսքը տեղացի բժիշկներին փոխարինելու մասին չէ։ Ընդհակառակը՝ նպատակը գործող համակարգի հզորացումն է, փորձի փոխանակումը և երկարաժամկետ մասնագիտական ցանցերի ձևավորումը, որոնք օգտակար կլինեն թե՛ հայ պացիենտների, թե՛ ամբողջ հայկական բժշկության համար»,- ընդգծեց նա։
Բժիշկ Դերյանը կարևորեց նաև Հայաստանում ինտերվենցիոն ցավաբանության և ինտերվենցիոն ռադիոլոգիայի հետ կապված ցավի կառավարման ոլորտում կառուցվածքային կրթական ծրագրերի ստեղծումը։
Անդրադառնալով անձնական տպավորություններին՝ նա նշեց, որ Հայաստան այցն իր համար խորապես հուզիչ փորձառություն էր։
«Ուր էլ այցելեցի, զգացի մեծ ջերմություն, հյուրընկալություն, հետաքրքրասիրություն և անկեղծ մասնագիտական նվիրվածություն։ Ամենից շատ ինձ ոգեշնչեց այն զգացողությունը, որ այստեղ շատ մարդիկ իսկապես ցանկանում են կառուցել ինչ-որ արժեքավոր բան ապագայի համար։ Կա էներգիա, տեսլական և լավատեսություն»,- ասաց նա։
Դերյանը հավելեց, որ հեռանում է Հայաստանից ոչ միայն դրական հիշողություններով, այլև նոր ընկերություններով, նոր մասնագիտական համագործակցություններով և այն համոզմամբ, որ այս այցը կարող է դառնալ առողջապահության, կրթության և միջազգային բժշկական համագործակցության ոլորտներում ավելի լայն նախաձեռնությունների սկիզբ։
Նա ընդգծեց՝ այսօր բժշկությունը միջազգային, համագործակցային և արագ զարգացող ոլորտ է և ամենակարևորը կամուրջներ կառուցելը շարունակելն է սերունդների, երկրների, հաստատությունների և գաղափարների միջև։