Քաղաքականություն

Թրամփի և Էրդողանի հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի իրավիճակը Հարավային Կովկասում

2 րոպեի ընթերցում

Թրամփի և Էրդողանի հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի իրավիճակը Հարավային Կովկասում

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։

«Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։

Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։

«Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։

Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում