Աշխարհ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Զելենսկին ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը և այլ պաշտոնատար անձինք։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ակնկալում է ուժեղ և արդյունավետ որոշումներ՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը երկրի պաշտպանունակության ամրապնդումն է։

«Մեզ կարևոր աշխատանք է սպասվում Անկարայում։ Մենք ակնկալում ենք ՆԱՏՕ-ի ուժեղ և արդյունավետ գագաթնաժողով։ Այժմ անհրաժեշտ են որոշումներ, որոնք մեր քաղաքացիներին կապահովեն ավելի մեծ պաշտպանությամբ, կուժեղացնեն մեր պաշտպանական հնարավորությունները և ավելի սերտ կդարձնեն անվտանգության ոլորտում Ուկրաինայի, Եվրոպայի և Ամերիկայի համագործակցությունը»,- գրել է Զելենսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են պաշտպանական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների ղեկավարների հետ։

«ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության ֆորումը, գրեթե երկու տասնյակ երկկողմ հանդիպումները, անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ նոր համաձայնագրերը և գործընկերների հետ այլ պայմանավորվածություններն ընդգրկված են օրակարգում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան շարունակելու է աշխատել հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման ուղղությամբ։

«Նոր համակարգերը, դրանց համար նախատեսված հրթիռները, արտադրության լիցենզավորման հարցերը մեր առաջնահերթություններից են։ Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունների ընդլայնման ուղղությամբ»,- հայտարարել է նա։

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում