ՀՀ վարչապետն արդարադատության համակարգի խնդիրների լուծումը դժվարությամբ է պատկերացնում առանց նոր Սահմանադրության ընդունման
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության համակարգի խնդիրների լուծումը դժվարությամբ է պատկերացնում առանց նոր Սահմանադրության ընդունման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ Հայաստանում արդարությունը և արդարադատությունը հասանելի են միայն էլիտային։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ գործիքակազմով է կառավարությունը պատրաստվում լուծել այդ խնդիրը՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը 8 տարի իշխանության ղեկին է։
Վարչապետը նշեց, որ օրենսդիր և գործադիր իշխանությունները չեն կարող կատարել արդարադատության մարմինների դերը՝ հաշվի առնելով իշխանությունների բաժանման և տարանջատման սահմանադրական սկզբունքը։
«Դժվար եմ պատկերացնում առանց նոր Սահմանադրության այդ խնդիրների լուծումը։ Նոր Սահմանադրության մեջ պետք է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև գործող բոլոր դատավորներին տալ դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ և գործարկել բարեվարքության խորքային ստուգման գործընթաց։
«Նրանք, ովքեր չեն անցնի այդ բարեվարքության ստուգումը, պարզապես չպետք է վերանշանակվեն»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այսօր դատական համակարգը գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո, և գործադիր ու օրենսդիր իշխանությունների հնարավորությունները սահմանափակ են։
Վարչապետը նշեց, որ քաղաքացիները արդարադատության համակարգից դժգոհությունները հիմնականում ուղղում են իրեն, քանի որ հանրային ընկալման մեջ պատասխանատվությունը հաճախ կապվում է կառավարության ղեկավարի հետ։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ դատական համակարգը Հայաստանի ինստիտուտներից ամենաչկայացածներից է, քանի որ հեղափոխությունը ամենաքիչ ազդեցությունն է ունեցել հենց այդ համակարգի վրա։
«Դատական համակարգը մեր ինստիտուտներից ամենաչկայացածն է, որովհետև հեղափոխությունը ամենաքիչն է ազդեցություն ունեցել այնտեղ՝ այդ թվում սահմանադրական արգելքների պատճառով»,- ընդգծեց վարչապետը։