Քաղաքականություն

Փաշինյանը բացառում է Եվրամիության հետ մերձեցումը մեկ գիշերում դադարեցնելու սցենարի կրկնությունը

4 րոպեի ընթերցում

Փաշինյանը բացառում է Եվրամիության հետ մերձեցումը մեկ գիշերում դադարեցնելու սցենարի կրկնությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ «արդյոք չի՞ բացառում, որ կարող է կրկնվել 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում որոշեց դադարեցնել Եվրամիության հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։  

Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերին այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, որը հետագայում վերածվեց Եվրասիական տնտեսական միության։ Դա տեղի ունեցավ այն ֆոնին, երբ Հայաստանն ավարտել էր ԵՄ-ի հետ բանակցություններն Ասոցացման համաձայնագրի շուրջ և արդեն 2013 թվականի նոյեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն այն պետք է ստորագրեին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ։ Այդ հայտարարությունից հետո Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում չստորագրվեց, փոխարենը ստորագրվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև Ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը։

«Նախ անդրադառնամ այն թեմային, թե բացառում եմ արդյոք 2013 թվականի այն իրավիճակը, երբ Հայաստանը մի գիշերում, թե երկու գիշերում հրաժարվեց Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից և որոշում կայացրեց Եվրասիական տնտեսական միության կամ Մաքսային միության ուղղությամբ գնալ։ Հարցին պատասխանեմ կարճ և կոնկրետ։ Այո, բացառում եմ, դա հնարավոր չէ, առավել ևս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը և մասնավորապես՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել ենք, մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում։ Բնականաբար, ոչ մի միջազգային գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը, և կարծում եմ, որ սա տրամաբանական է ցանկացած երկրի համար»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հուլիսի 1-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցին։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկել ՌԴ վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացվել է։ Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»։

Հայաստանի վարչապետի աշխատակազմը հուլիսի 1-ին հաղորդագրություն էր տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ  զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում