Հայաստանը ԵՄ-ից կստանա 18 միլիոն եվրո, որպեսզի ամրացնի և դիվերսիֆիկացնի իր առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
3 րոպեի ընթերցում
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը շուտով կստանա 18 միլիոն եվրո, որպեսզի ամրացնի և դիվերսիֆիկացնի իր առևտուրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նա նշեց՝ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, բայց կարող է վստահ լինել՝ երբ ԵՄ-ի գործընկերների վրա ճնշումն ավելանում է, ԵՄ-ն գործնական քայլեր է ձեռնարկում՝ գալով նրանց ընդառաջ։
«Ֆինանսավորումն, օրինակ, կարող է օգնել ստեղծել արտահանումը խթանող գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսի արտահանման հզորություններն ավելանան։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի, որը մենք քննարկեցինք ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում հունիսի սկզբին։ Մենք կատարում ենք ևս մեկ քայլ, որը վերաբերում է ինքնավար առևտրային միջոցների (autonomous trade measures -ATMs) առաջարկին, ինչի շնորհիվ՝ դեպի ԵՄ Հայաստանի արտահանումների 80 տոկոսը կազատականացվի ու ենթակա չի լինի մաքսատուրքերի։ Դրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք այժմ մեծապես կախված են ռուսական շուկայից։ Դրանք կարող եք ուղարկել եվրոպական միասնական շուկա, որն ունի 450 միլիոն սպառողներ։ Այդ շուկան բաց կլինի մասնավորապես հայկական թարմ գյուղամթերքի 99 տոկոսի համար, որոնք մինչ այդ արտահանվում էին Ռուսաստան։ Դուռ է բացվելու նաև ավելի քան 90 տոկոս հայկական ըմպելիքների և ոգելից խմիչքների համար ԵՄ միասնական շուկա»,- ասաց ԵՀ նախագահը։
Նա հիշեցրեց, որ վերջին ամիսների ընթացքում բոլորն ականատես եղան ավելի ու ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը եվրոպական շուկա, ինչը, ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, գեղեցիկ խորհրդանիշ է՝ նոր գլուխ բացելու երկկողմ տնտեսական գործընկերության մեջ։
«Սա ընդամենը սկիզբն է։ Այս նոր միջոցների շնորհիվ՝ հնարավորություն կընձեռվի արագ դիվերսիֆիկացիայի համար։ Հուլիսի կեսին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան՝ ուղղակիորեն աշխատելու ձեր արտադրողների, ձեռնարկությունների և արտահանողների հետ՝ օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք կարող է առաջարկել արտոնյալ գործընկերությունը ԵՄ-ի հետ»,- ասաց ԵՀ նախագահը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել հուլիսի 2-ի առավոտյան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին։