Վրաստան

Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Հայաստանի պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությանը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Հայաստանի պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությանը

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում Սուլխան Թամազաշվիլին շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել Օպերատիվ կառավարման կենտրոնի, Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։

Օպերատիվ կառավարման կենտրոնում Վրաստանի ներքին գործերի նախարարին ներկայացվել է եվրոպական ստանդարտներով գործարկված 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը մեկ միասնական հարթակում է միավորել Փրկարար ծառայության և Ոստիկանության զանգերի սպասարկումը։

Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությանը ներկայացվել են նաև քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների աշխատանքային գործառույթները։

Սուլխան Թամազաշվիլին եղել է համալիրի զինանոցում, հրաձգարանում և մարզասրահում, որտեղ ծանոթացել է պարեկային ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության համար ստեղծված պայմաններին։ Նրան ներկայացվել են նաև Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում