ԵՄ-ի հետ համագործակցությամբ Սյունիքի մարզում իրականացվում է մեծ փաթեթով ծրագիր, որն արդեն ունի ավելի քան 200 միլիոն եվրոյի չափով բյուջե

7 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզպետի աշխատակազմն այժմ փորձում է միջազգային գործընկերների հետ ունենալ բազմավեկտոր համագործակցություն՝ ներառելով պետություն-միջազգային կառույցներ-համայնք-ՀԿ-ներ շղթան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությամբ մարզում իրականացվում է մեծ փաթեթով ծրագիր, որն արդեն ունի ավելի քան 200 միլիոն եվրոյի չափով բյուջե։

«Սա հենց այն ծրագրերից է, որն իրականացվում է միայն մեզ մոտ։ Արդյունքն արդեն տեսանելի և շոշափելի է։ Այն անցավ բոլոր փուլերով ու հասավ վերջնակետին։ Ունեցանք և՛ ՀԿ-ների հետ համագործակցությամբ ծրագրեր, և՛ համայնքային ծրագրեր, որոնց շնորհիվ ստեղծվեցին նպաստավոր պայմաններ սոցիալական ոլորտի զարգացման և մարդկանց կենսակերպի բարելավման համար։ Մենք բացը նկատել էինք նախորդ տարիների ընթացքում, հատկապես Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո։ Սյունիքի մարզը նրանց ընդունող առաջին հանգրվանն էր, և այն, ինչ առավելագույն մարդկային ռեսուրսներով հնարավոր էր անել, մեր մարզն արեց, սակայն երևում էին այնպիսի կետեր, որոնք առավել բարելավման կարիք ունեին»,- ասաց Հարությունյանը։   

Նրա դիտարկմամբ՝ խոսքը նախևառաջ առավել լայն ընդգրկմամբ հնարավորությունների և սոցիալական ծառայությունների ավելի մեծ տիրույթի մասին է, հետևաբար 2023 թվականից մեկնարկած ծրագրի ընթացքում փորձ արվեց ավելի ընդլայնել փաթեթը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ օգտվեն ծրագրից։

«ԵՄ ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «Գորիս Վիննեթ» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագիրը հիմնված է առավելապես համայնքների կողմից  սոցիալական ծրագրերի իրականացման վրա։ Եթե նախկինում ունեինք  ընդամենը մեկ համայնք, որը սոցիալական ծառայություններ էր մատուցում, ապա այժմ Սյունիքի մարզի չորս համայնքներում ունենք ներդրված համայնքային սոցիալական ծառայություններ, իսկ ՀԿ-ների կողմից մատուցվող ծառայությունները մեր բոլոր յոթ համայնքներում առկա են։ Նաև սերտ համագործակցելով պետության հետ՝ ՀԿ-ները խրախուսվեցին, որպեսզի դիմեն և աջակցություն ստանան պետությունից՝ ապահովելու համար ծրագրերի շարունակականությունը»,- հավելեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ միջազգային կառույցների կողմից տրամադրվող աջակցությունը պետք է հետագայում լինի շարունակական, հետևաբար պետությունն էլ անմասն չմնաց այդ գործընթացից՝ իր վրա վերցնելով համաֆինանսավորման հանձնառություն։

«Մենք ունենք տարատեսակ ծրագրեր, որոնք վերաբերվում են տարեցներին, երեխաներին, հատուկ կարիքավոր երեխաներին։ Ունենք նոր ծառայություններ, որոնք եզակի են իրենց տեսակով, օրինակ՝ սոցիալական տաքսին Գորիսում և Սիսիանում․ վերջինիս գործունեությունն իրականացվում է համայնքային բյուջեով՝ շահառուների համար անվճար հիմունքներով, Մեղրիում գործում է երեխաների ներառական կենտրոնը, որը նույնպես գործում է համայնքային բյուջեով՝ անվճար ծառայություններ մատուցելով կարիքավոր երեխաներին։ Սահմանամերձ բնակավայրերում, օրինակ, Տեղ համայնքում առաջին անգամ ներդրվեց երեխաների սոցիալական ծառայություն, իսկ այն ՀԿ-ն, որը դիմել էր ծրագրի համար ու ստացել աջակցություն ծրագրի կողմից, արդեն իսկ հավաստագրվել է պետության կողմից ու կարող է ապահովել ծրագրի շարունակականությունը»,- ասաց Հարությունյանը։

Եթե պետական աջակցությունն անհրաժեշտ է, ապա տարբեր խողովակներով այդ աջակցությունը ներգրավվում է կարևոր ծրագրերում։ Համայնքներում ստեղծվել են սոցիալական հանձնաժողովներ, որոնք իրականացրել են մեծ ծավալի աշխատանքներ՝ կազմելով սոցիալական ծրագրեր բոլոր համայնքների համար, որոնք ներառվում են համայնքների բյուջեներում։

«Այսինքն՝ ի սկզբանե ձգտել ենք ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը, որպեսզի իրենք էլ պատասխանատվություն ստանձնեն մատուցվող ծառայությունների համար։ Կարևոր է այն հանգամանքը, որ միջազգային կառույցներն այլևս միայնակ չեն աշխատում։ Մենք փորձում ենք ձեռք մեկնել նրանց, բազմապատկել աջակցությունն՝ ավելի մեծ արդյունքներ ստանալու նպատակով։ Շատ տեղերում համայնքները ներկայացրել են շինությունների թույլտվություններ, իսկ տեխնիկական աջակցությունից հետո նաև պետական աջակցության շնորհիվ ծառայությունները սկսեցին ընդլայնվել ու դառնալ մշտական։ Մեզ բազմիցս այցելել են ԵՄ առաքելության ղեկավարն ու տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Նրանց կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման փուլում տեսել ենք միայն դրական արդյունքներ»,- հավաստիացրեց Սյունիքի մարզպետի խորհրդականը։

Ընդհանրապես «Թիմ Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր նախաձեռնությունները համակարգված են, միայն մեկ կառույց չէ, որ աշխատում է, հետևաբար փորձ է արվում դրանցում ներգրավել ոչ միայն մարզպետի աշխատակազմին, այլև համայնքներին։ Խնդիրները վերհանելիս՝ բոլոր կողմերը մասնակցում են քննարկումներին, ուստի, հաջողության գրավականն, ըստ Հարությունյանի, սերտ համագործակցությունն է։ 

«Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համատեղ ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ պետությունները՝ Ավստրիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Շվեդիա, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։

Հայերեն English Türkçe

Առողջապահության նախարարն անդրադարձավ առողջության ապահովագրավճարի բարձրացման հավանականությանը

Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովին

Անազատության մեջ գտնվող անձինք լիարժեք օգտվում են իրենց առողջապահական իրավունքներից. նախարար

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ

Հայաստանում պոլիկլինիկական օղակի մասնագետներ կան, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը. Ավանեսյան

Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային. պաշտպանության նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի

Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով