Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը հունիսի 25-ին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունն այն բանից հետո, երբ նավերից մեկը հայտնել է հարձակման ենթարկվելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչության՝ բեռնատար նավը հայտնել է, որ Օմանի մոտակայքում արկով հարվածի է ենթարկվել։

Ամերիկացի երկու պաշտոնյա Reuters-ին հայտնել են, որ Իրանն է կրակ բացել բեռնանավի վրա։ Միջադեպից ժամեր առաջ Թեհրանը նախազգուշացրել էր նավերին չնավարկել այնպիսի երթուղիներով, որոնք չեն հաստատվել Իրանի Պարսից ծոցի նեղուցի վարչության կողմից, որը ստեղծվել է նեղուցով նավարկությունը կառավարելու համար։

«Չարտոնված երթուղիներով անցնելու հետևանքների համար պատասխանատվությունը կրում են նավի սեփականատերը, օպերատորը և նավի հրամանատարը», - ասել է իրանական վարչությունը։

Չորս աղբյուր հայտնել են, որ հարձակման ենթարկված նավը Սինգապուրի դրոշով նավարկող Ever Lonely-ն է եղել։ Անվտանգության մի աղբյուր էլ հայտնել է, որ նավն, ամենայն հավանականությամբ, թիրախավորվել է անօդաչու սարքով։

Միջազգային ծովային կազմակերպությունն օգնում էր նեղուցից դուրս բերել հարյուրավոր նավեր և հազարավոր ծովագնացների, որոնք այնտեղ էին մնացել փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը հայտարարել է, որ իրենք որոշել են ժամանակավորապես դադարեցնել գործողության իրականացումը՝ վերահաստատելու համար, որ իրենց տարհանման ցուցակում գտնվող նավերի և տարածաշրջանում գտնվող բոլոր նավերի համար շարունակում են գործել անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։

Միջազգային ծովային կազմակերպությունը նաև հայտնել է, որ հարձակման ենթարկված նավը չի եղել իր տարհանման ծրագրի մաս։

Նախաձեռնությունը, որը մեկնարկել է հունիսի 23-ին, նավերին և նրանց անձնակազմին հնարավորություն էր տալիս ընտրել տարբերակներից մեկը՝ ԱՄՆ-ի հսկողության ներքո Ծոցից դուրս գալ երկու երթուղով՝ Իրանի ջրերով կամ Օմանի ջրերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում