Ռուսաստան

Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին

2 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերը Սիցիլիայի ափերի մոտ կալանել են Ռուսաստանի հետ կապված նավթատար լցանավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում՝ կից հրապարակելով համապատասխան տեսանյութը։

«Երեքշաբթի օրը (հունիսի 23-ին) ֆրանսիական ռազմածովային ուժերը բարձրացել են Deliver լցանավի վրա, որը նավարկում էր Սիցիլիայի ափերի մոտ՝ խախտելով ծովային իրավունքը», - գրել է նա։

Մակրոնը նշել է, որ Deliver-ը կապված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ, որն օգտագործվում է 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո Արևմուտքի սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար։

«Ստվերային նավատորմի դեմ այս վերջին գործողությունը, որն իրականացվել է Միացյալ Թագավորության կողմից նմանատիպ գործողությունից ընդամենը մի քանի օր անց, ցույց է տալիս եվրոպացիների վճռականությունը։ Մենք թույլ չենք տա, որ ստվերային նավատորմը խուսափի պատժամիջոցներից և ֆինանսավորի Ռուսաստանի պատերազմը։ Եվրոպան վճռական է։ Այն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ռուսաստանի համար պատերազմի արժեքը մեծացնելու և Ուկրաինայում ամուր ու երկարատև խաղաղության հաստատմանը նպաստելու համար», - հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։

AFP-ի տվյալներով՝ 2025 թ. սեպտեմբերից ի վեր Ֆրանսիան կալանել է ևս չորս նավ, որոնք, ենթադրաբար, պատկանում են ռուսական «ստվերային նավատորմին»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում