Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ
2 րոպեի ընթերցում

Հունիսի 23-ին Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձրաստիճան միջոցառման շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված և համաձայնեցված ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության այս ուղղությանն առնչվող այլ հարցեր: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների վրա տնտեսական սահմափակումների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զարգացումները, ողջունել է ԵՄ ու ԵՄ անդամ երկրների կողմից ցուցաբերված աջակցությունը։ Նախանշվել են այս ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքների իրականացումը Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և տնտեսական նոր շուկաների բացահայտման ուղղությամբ։