Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում
2 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ԵՄ-ի նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ Վահան Կոստանյանի և Սայմոն Մորդյուի հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման շուրջ երկկողմ աշխատանքների շարունակումն ու խորացումը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի կողմից ՀՀ կառավարությանը որպես բյուջետային աջակցություն տրամադրված ֆինանսական միջոցների կարևորությանը։ Զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան շփումների անհրաժեշտությունն առկա օրակարգերի առաջմղման համատեքստում։
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքով ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց իրականացմանը, մասնավորապես «Կապակցվածության գործընկերություն» փաստաթղթի տրանսպորտային բաղադրիչի իրագործմանը վերաբերող հարցերին:
Կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում, կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջմղումը:
Քննարկվել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր: