Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ճապոնական ընկերությանը պատկանող նավը, որի վրա եղել են անձնակազմի երեք ճապոնացի անդամ, անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով և դուրս եկել Պարսից ծոցից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայնում է Reuters-ը։
ԱԳՆ-ից հայտնել են, որ նավը, որը Պարսից ծոցում կանգ էր առել իրանական պատերազմի հետևանքով, այժմ ուղևորվում է դեպի Ճապոնիա՝ հավելելով, որ կառավարությունն Իրանի հետ համակարգել է նավի անցումը։
Այն նավարկում է լիբերիական դրոշի ներքո և հում նավթի տանկեր է, որը պատկանում է Ճապոնիայի Kyoei Tanker ընկերությանը։
Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ Ճապոնիայի հետ կապ ունեցող բոլոր նավերը, որոնց անձնակազմում եղել են ճապոնացիներ, արդեն դուրս են եկել Պարսից ծոցից։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի դիվանագիտական բոլոր ջանքերը՝ ապահովելու համար Հորմուզի նեղուցում նավերի ազատ և անվտանգ անցումը՝ հատկապես ԱՄՆ–Իրան փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։
Նա նաև նշել է, որ Ճապոնիայի հետ կապ ունեցող 37 նավ դեռ սպասում է Հորմուզի նեղուցով անցնելուն։