Ինչ աշխատանքներ են արվելու Կիևյան կամրջի վրա. ավելի քան երկու ամիս այն փակ կլինի երթևեկության համար, բաց՝ հետիոտների համար

3 րոպեի ընթերցում

Երևանի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը՝ Կիևյան կամուրջը, կհիմնանորոգվի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել համալիր աշխատանքներ, որոնք միտված են կամրջի տեխնիկական վիճակի բարելավմանը, երթևեկության անվտանգության բարձրացմանն ու կառույցի երկարաժամկետ շահագործման ապահովմանը։

Հիմնանորոգման ամբողջ ընթացքում՝ հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը, կամուրջը փակ կլինի երթևեկության համար, սակայն բաց կլինի հետիոտների համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Դարբինյանը նշեց, որ հիմնանորոգման անհրաժեշտությունը պայմանավորված է տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք տեխնիկական խնդիրներով։

«Կամրջում արձանագրվել են դեֆորմացիոն կարերի վնասվածքներ և ասֆալտբետոնե ծածկի մաշվածություն, ինչի հետևանքով մթնոլորտային ջրերը ներթափանցել են կամրջի ստորին կառուցվածքներ։ Այս հանգամանքներն էլ պայմանավորել են հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը»,-ասաց Դարբինյանը։

Նրա խոսքով՝ թեև կամրջի վերանորոգման անհրաժեշտության մասին մասնագետները բարձրաձայնում էին դեռ տարիներ առաջ, ծրագրի իրականացումը կազմակերպվել է քաղաքային տնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների հերթականության համաձայն։

Հիմնանորոգման շրջանակում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերը, իրականացնել ջրամեկուսացման աշխատանքներ, տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ, նորոգել մայթերն ու բազրիքները, ինչպես նաև վերականգնել կամրջի կրող կառուցվածքների պաշտպանիչ շերտերը։

Ակնկալվում է, որ աշխատանքների որակն ու ժամկետները կհսկվեն մշտադիտարկման, տեխնիկական վերահսկողության և պարբերական ստուգումների միջոցով։

Աշխատանքների ավարտից հետո վարորդները կօգտվեն ավելի հարթ, անվտանգ և հարմարավետ երթևեկությունից, իսկ հետիոտների համար կստեղծվեն ավելի բարեկարգ և անվտանգ պայմաններ։ Միաժամանակ, ծրագրի գլխավոր արդյունքը կլինի Կիևյան կամրջի երկարաժամկետ և հուսալի շահագործման ապահովումը, ինչը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների անխափան աշխատանքի համար։

Լուսինե Ջալալյան 

Հայերեն

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են