«Ազնավուրի ձայնը» վերադառնում է. ֆրանսիացի երգիչ Տիտիանոն շրջագայություններով կլինի Հայաստանի յոթ քաղաքում

7 րոպեի ընթերցում

«Ազնավուրի ձայնը». այսպես են անվանում երիտասարդ և խարիզմատիկ ֆրանսիացի երգիչ Տիտիանոյին, որը, յուրովի մեկնաբանելով մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները, գրավել է ոչ միայն օտար, այլև հայ երաժշտասերների ուշադրությունը։ 

Երգիչը պարբերաբար համերգներով ներկայանում է Երևանում, իսկ այս անգամ կծանոթանա Հայաստանի մարզերի հանդիսատեսի հետ։ Արտիստը հունիսին համերգներով կլինի Վաղարշապատում, Իջևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Կապանում և Գորիսում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիտիանոյի արտիստիկ մենեջեր և համերգների կազմակերպիչ Մարիա Քոչարյանը պատմում է, որ սոցիալական հարթակներում է «հայտնաբերել» երգչին և զարմացել, թե որքան է նրա ձայնը նման Ազնավուրի ձայնին։ Քոչարյանի ընտանիքի անդամները, ընկերները ևս կարծել են, թե Ազնավուրն է երգում։

«Որոշեցի ավելին իմանալ Տիտիանոյի մասին և պարզեցի, որ տարիներ առաջ Արտակ Հերիքյանը նրան նվիրված մի հոդված է պատրաստել՝ գրելով, որ 100 տարեկանում Ազնավուրը բեմում է Տիտիանոյի դեմքով։ Տեսա, որ Տիտիանոն նաև հրավիրված է եղել Մարսելում  Ազնավուրի հուշատախտակի բացմանը, որին ներկա է եղել Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը։ Բացահայտեցի նաև, որ նա երբեմն հանդես է գալիս Ազնավուրի դաշնակահար և նվագախմբի ղեկավար Էրիկ Ուիլմսի հետ»,-նշում է Մարիան։

Տիտիանոյի տաղանդին ծանոթանալուց հետո Մարիա Քոչարյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրինությանն առաջարկում է Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում Տիտիանոյին հրավիրել Հայաստան։ Երգիչը միանգամից և սիրով ընդունում է Ազնավուրի հայրենիքում հանդես գալու հրավերն ու նաև չի խոսում որևէ հոնորարի մասին՝ նշելով, որ պատրաստ է անվճար ելույթ ունենալ Հայաստանում, քանի որ իր համար շատ կարևոր է լինել Ազնավուրի երկրում։ Այդպես երկու տարի առաջ կայանում է Տիտիանոյի առաջին հանդիպումը Հայաստանի հանդիսատեսի հետ։

Տիտիանոն չի ճանաչել Ազնավուրին։ Երգչի ընտանիքի անդամները, որոնք նաև ներկա են եղել նրա երևանյան վերջին համերգին, սիրել են Շառլ Ազնավուրի երգերը, և այդ սերը փոխանցվել է Տիտիանոյին։ Երկար տարիներ Տիտիանոն չի համարձակվել «մոտենալ» դրանց՝ մտածելով, որ Ազնավուրը վեհ է։ Ի վերջո՝ գայթակղությունը հաղթել է. նա համացանցում իր կատարմամբ հրապարակել է Ազնավուրի «Դեռ երեկ» հանրահայտ երգը, որը մեծ տարածում է գտել ու նպաստել է Տիտիանոյի ճանաչմանը։

«Երևանյան համերգներից հետո մեկնեցինք ԱՄՆ, որտեղ Տիտիանոն հանդես եկավ հայ համայնքի առաջ, վերջերս Վիեննայում Հայաստանի դեսպանության և տեղի  Հայ Առաքելական եկեղեցու ջանքերով կազմակերպված միջոցառմանն ենք մասնակցել, որին Տիտիանոն հանդես եկավ Էրիկ Ուիլմսի հետ։ Հիշում եմ՝ ԱՄՆ-ում այցելեցինք Ուիլմսի տուն։ Դա զարմանալի և առեղծվածային բնակարան է, որի ամեն անկյունը հիշեցնում է Ազնավուրին և Հայաստանը։ Նվագելիս նա չէր նայում Տիտիանոյին։ Երբ հարցրի, թե ինչու չի նայում, պատասխանեց, որ  Տիտիանոն իրեն հնարավորություն է տալիս վերապրել իր երիտասարդությունն ու մտածել, թե Շառլին է նվագակցում։  Շառլից հետո Ուիլմսն ինքն իրեն խոստացել է, որ այլևս ոչ ոքի չի նվագակցի, սակայն, երբ լսել է Տիտիանոյին, միտքը փոխել է»,-պատմում է Քոչարյանն ու տեղեկացնում՝ մինչև 2027 թվականը մի շարք համերգներ ունեն Ֆրանսիայում, Իսպանիայում  և այլ երկրներում։ Նրա խոսքով՝ Ազնավուրի նկատմամբ մեծ սեր են տածում ոչ միայն հայերը, այլև օտարները, ուստի Տիտիանոյի համերգներին ակտիվ մասնակցում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ։

Մարիան կարևորում է այն հանգամանքը, որ Տիտիանոն շատ տպավորված է հայերի նիստուկացով, հոգատարությամբ, ջերմությամբ։ Երգիչն անգամ մի քանի ամիս ապրել է Հայաստանում, փորձել սովորել լեզուն։ Հայաստանի մարզերում ելույթ ունենալու  գաղափարը հենց այդ շրջանում է ծնվել։

Կապանում և Գյումրիում կայանալիք համերգներին երգչին նվագակցելու է Գյումրիի  պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Չի բացառվում, որ Ազնավուրի երգերից բացի նա հնչեցնի նաև իր հեղինակային ստեղծագործություններից մեկը՝ նվիրված Հայաստանին, որի ֆրանսերեն տեքստը հայերեն է փոխադրել Մարիա Քոչարյանը։  Երգն արտահայտում է Տիտիանոյի զգացմունքները, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, այն ջերմությունը, որով Հայաստանը, Երևանն ընդունում են օտարներին։  Եթե հասցնեն ավարտել գործիքավորման աշխատանքները, Տիտիանոն այն անպայման կկատարի սպասվող համերգներին։

«Հոկտեմբերին սպասվում է երկարատև շրջագայություն ԱՄՆ-ում, տասը համերգով ներկայանալու ենք Իսպանիայում։ Ասեմ, որ վերջերս Տիտիանոն մասնակցեց ֆրանսիական «Ձայնը» նախագծին։ Նախագծի մարզիչներն արտասվեցին, երբ նա երգում էր։ Նրանք զարմացել էին, թե ինչպես է հնարավոր, որ գենետիկորեն իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ այդքան նման ձայներ ունենան։ Ժյուրին չանցկացրեց  Տիտիանոյին հաջորդ փուլ՝ մեկնաբանելով, որ դա արդար չի լինի մյուս մասնակիցների նկատմամբ, քանի որ նրանք ասես ստիպված կլինեն մրցել Շառլ Ազնավուրի հետ։ Դա ևս նպաստել է Տիտիանոյի ճանաչմանը»,-ընդգծում է Մարիա Քոչարյանը։

Տիտիանոն մտադիր է շարունակել կատարել Ազնավուրի երգերը, բայց նաև սեփական ալբոմն է պատրաստում Էրիկ Ուիլմսի հետ։

Չեն բացառում ամռանը Ուիլմսի մասնակցությամբ համերգով հանդես գալ նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում։ Հավանական է, որ նոյեմբերին Տիտիանոն հանդես գա Ռուսաստանում։

Մարիա Քոչարյանը նաև կարևորում է այն փաստը, որ դիմել են «Հայ հեղինակ» կազմակերպությանը, որպեսզի բոլոր համերգների համար ունենան հեղինակային իրավունք, և համապատասխան տարբերանշանը լինի համերգների պաստառների վրա։ Տիտիանոն նշում է, որ այդ կերպ ևս ցանկանում է իր հարգանքն արտահայտել Շառլ Ազնավուրի նկատմամբ։

Հայերեն

Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Մոսկվան ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Նոր Նորքում շահագործման կհանձնվի հիմնանորոգված և ընդլայնված թիվ 105 մանկապարտեզը

ԿԲ խորհորդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

Լանջաղբյուրում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր

Լոռիում շարունակվում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին

Մարտունի համայնքում կգործի միասնական երթուղային ցանց