Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
6 րոպեի ընթերցում

Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Firebird ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Քննարկումներն ու համագործակցության համաձայնագրերի ստորագրումը տեղի են ունեցել Աստանայում՝ Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի, NVIDIA-ի Omniverse և Simulation Technology փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի, Ղազախստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և երկրի առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Համագործակցությունը հիմք է ստեղծում արհեստական բանականության ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական համակարգերի, ամպային տեխնոլոգիաների, գիտահետազոտական նախաձեռնությունների և թվային տնտեսության զարգացման ոլորտներում հետագա համագործակցության համար։ Այն աջակցում է Ղազախստանի նպատակին՝ ամրապնդելու իր դիրքերը որպես Կենտրոնական Եվրասիայի առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններից մեկը։
Համաձայնագրերի ստորագրումը հաջորդում է այս տարվա ապրիլին կայացած բարձր մակարդակի հանդիպմանը, որի ընթացքում Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, NVIDIA-ի Global AI Infrastructure Growth ուղղության փոխնախագահ Նիկո Կապրեզը և Firebird-ի համահիմնադիրները քննարկել էին հաջորդ սերնդի խոշոր հաշվողական հարթակների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
«Այն երկրները, որոնք այսօր ներդրումներ են կատարում առաջադեմ AI հաշվարկային կարողությունների, տաղանդների զարգացման և նորարարական էկոհամակարգերի ձևավորման մեջ, վաղը ձևավորելու են համաշխարհային տնտեսության հնարավորությունները։ Firebird-ը համատեղում է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ապացուցված փորձը, ԱՄՆ առաջատար տեխնոլոգիական լուծումները, գլոբալ AI էկոհամակարգի առանցքային գործընկերների հետ սերտ համագործակցությունը և լայնածավալ AI ենթակառուցվածքային նախագծերն անվտանգ և բացառիկ արագությամբ իրականացնելու կարողությունը։ Մենք հպարտ ենք աջակցելու Ղազախստանի տեսլականին և պատրաստ ենք նպաստելու երկրի երկարաժամկետ ազգային AI կարողությունների ձևավորմանը»,-նշել է Ռազմիկ Հովակիմյանը։
Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևն իր հերթին նշել է. «Արհեստական բանականությունը դառնում է համաշխարհային տնտեսության նոր հիմնարար ենթակառուցվածքը։ Սեփական AI լուծումներ ստեղծելու համար առանձին թվային արտադրանքները բավարար չեն. անհրաժեշտ է ամբողջական էկոհամակարգ, որը ներառում է էներգետիկ ռեսուրսներ, ժամանակակից տվյալների կենտրոններ, հաշվողական հզորություններ, տվյալներ և առաջատար տեխնոլոգիաների հասանելիություն։ Ղազախստանը հետևողականորեն ձևավորում է այդ հիմքը։ Մեր նպատակն է երկրի ենթակառուցվածքային առավելությունները վերածելու տնտեսական աճի երկարաժամկետ շարժիչ ուժի և ամրապնդելու երկրի դիրքը որպես Եվրասիայի առանցքային թվային հանգույցներից մեկը»։
Firebird-ն այժմ ավարտին է հասցնում Հայաստանում իր առաջատար AI Factory նախագծի առաջին փուլը, որի գործարկումը նախատեսված է 2026 թվականի հուլիսին։ Նախագիծը շինարարության մեկնարկից մինչև սարքավորումների տեղակայմանը պատրաստ վիճակի հասցնելը իրականացվել է ընդամենը վեց ամսից մի փոքր ավելի ժամանակահատվածում՝ դառնալով աշխարհում իր տեսակի մեջ ամենաարագ իրականացված AI ենթակառուցվածքային նախագծերից մեկը։
Firebird-ի հաստատված եռափուլ ընդլայնման ռազմավարության համաձայն՝ մինչև 2027 թվականի ավարտը կենտրոնը նախատեսվում է հագեցնել՝ ներառելով ավելի քան 100,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ներով, ինչի արդյունքում հայաստանյան AI մեգանախագիծը կդառնա աշխարհի խոշորագույն AI հաշվողական հարթակներից մեկը։
Firebird-ի փորձը ցույց է տալիս, որ լայնածավալ AI ենթակառուցվածքային նախագծերը կարող են հաջողությամբ իրականացվել կառավարությունների, տեխնոլոգիական ընկերությունների, ֆինանսական հաստատությունների և գիտահետազոտական համայնքների միջև արդյունավետ համագործակցության շնորհիվ։
Firebird-ը պարզապես տվյալների կենտրոններ չի կառուցում։ Ընկերությունը ձևավորում է ազգային AI կարողություններ, որոնք երկրներին հնարավորություն են տալիս լիարժեք մասնակցելու արհեստական բանականության համաշխարհային տնտեսությանը։
Firebird-ի մասին
Firebird Inc.-ը ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը նախատեսված է անվտանգ, մասշտաբային և համաշխարհային հասանելիություն ունեցող գրաֆիկական պրոցեսորներով ենթակառուցվածք ապահովելու համար։ Ընկերության առաքելությունն է ժողովրդավարացնել առաջադեմ արհեստական բանականության հաշվարկների հասանելիությունը՝ հնարավորություն տալով նորարարություններ իրականացնել հետազոտությունների և ձեռնարկությունների շրջանում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում։