ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը նպաստում են ինտենսիվ տեղումները և գետային ներհոսքերը

4 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին օրերին դիտված ինտենսիվ տեղումները և գետային ներհոսքերի աճը նպաստում են ջրային պաշարների համալրմանը և ընդհանուր հիդրոլոգիական իրավիճակի բարելավմանը՝ միաժամանակ պահպանելով հանկարծակի հեղեղումների և սելավների հնարավորությունները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշել է, որ վերջին օրերին հանրապետության մի շարք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայք և Գեղարքունիք, դիտվել են հորդառատ անձրևներ՝ պայմանավորված մթնոլորտային անկայուն գործընթացներով և վերընթաց օդային հոսանքների ակտիվացմամբ։ Տեղումները եղել են կարճատև, սակայն բարձր ինտենսիվությամբ՝ տեղ-տեղ ուղեկցվելով ամպրոպներով և կարկուտով։ Օրական առավելագույն տեղումները հասել են 20–25 մմ-ի։

Հունիսի 12-ի դրությամբ հանրապետության մեծ մասում տեղումների կուտակային քանակը կազմել է հունիս ամսվա կլիմայական նորմայի շուրջ 50–60 տոկոսը։ Սա, մասնագետների գնահատմամբ, չի համարվում ծայրահեղ շեղում, սակայն վկայում է տեղումների անհավասար բաշխման և ինտենսիվ դրսևորումների մասին։

Ջրային կառավարման համակարգում կարևոր իրադարձություն է Ապարանի ջրամբարի 100 տոկոս լցվածությունը, որը վերջին անգամ արձանագրվել էր 2011 թվականին։ Ջրամբարի լիարժեք լցվածությունը ապահովում է Ապարանի և Աշտարակի տարածաշրջանների ոռոգման համակարգերի կայուն աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ սնուցում է Արզնի–Շամիրամ ջրանցքը։ Արդյունքում նվազում է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի ծավալը՝ դրական ազդեցություն ունենալով ընդհանուր ջրային հաշվեկշռի վրա։

Սևանա լճի մակարդակը նույնպես շարունակում է աճի միտում ցուցաբերել։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 12-ը լճի մակարդակը բարձրացել է 44 սմ-ով՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը և մոտենալով բազմամյա միջին արժեքներին։ Մասնագետների դիտարկմամբ՝ մեկ օրվա ընթացքում մինչև 2 սմ բարձրացումը համարվում է հազվադեպ երևույթ և հիմնականում պայմանավորված է գետային ներհոսքերի կտրուկ աճով՝ ինտենսիվ տեղումների կամ ձնհալքի հետևանքով։

«Ընդհանուր առմամբ, 2026 թվականի գարնան ընթացքում տեղումների քանակը կազմել է շուրջ 198 մմ կամ նորմայի 131 տոկոսը, ինչը նպաստել է հողի խոնավության վերականգնմանը, մակերևութային և ստորերկրյա ջրերի համալրմանը, ինչպես նաև ջրային համակարգերի ընդհանուր հավասարակշռությանը»,-նշեց Ազիզյանը։

Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ ամռան ամիսներին հնարավոր բարձր ջերմաստիճանների և տեղումների նվազման պայմաններում ջրային հաշվեկշիռը կարող է փոփոխվել։

Մասնագետների գնահատմամբ՝ ներկայիս հիդրոլոգիական իրավիճակն ընդհանուր առմամբ թույլ է տալիս դրական կանխատեսումներ անել ոռոգման սեզոնի համար․ գետերի ջրի ելքերը հիմնականում նորմային մոտ կամ գերազանցում են այն, խոշոր ջրամբարները գտնվում են բարձր լցվածության փուլում, իսկ Սևանա լիճը շարունակում է կայուն վերականգնման միտումը։ Միևնույն ժամանակ, համակարգի զգայունությունը եղանակային կտրուկ փոփոխությունների նկատմամբ պահպանվում է բարձր, ինչը պահանջում է շարունակական մոնիթորինգ և ռիսկերի կառավարում։

Լուսինե Ջալալյան 

Հայերեն

Գանսու. չինական քաղաքի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը

Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը