Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը` Ազգերի լիգայի 5-րդ տուրի Կիպրոսի դեմ խաղում մտադիր է ամբողջապես երիտասարդական կազմով ներկայանալ:
«Մենք արդեն իսկ խաղացել ենք Կիպրոսի հավաքականի դեմ ու գիտենք իրենց ուժեղ ու թույլ կողմերը: Գիտենք նաև, թե ինչպես կարող ենք փակել նրանց ուժեղ կողմերը: Մեր նպատակն այս երկու խաղերի համար միայն հաղթանակն է: Առաջիկա խաղում կտեսնեք այլ թիմ, որտեղ կլինեն միայն երիտասարդներ, այս խաղում 30 տարեկան ոչ մի ֆուտբոլիստ չի լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
Վերջինիս խոսքով` թեպետ ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի ընտրական այս փուլում այլևս հնարավորություն չունի առաջին տեղը զբաղեցնել, սակայն ճիշտ ճանապարհի վրա է որպես թիմ:
Ազգային թիմի պաշտպան Արտյոմ Բանդիկյանի կարծիքով` առաջիկա խաղում բոլոր ֆուտբոլիստները իրենց առավելագույնն են անելու դրական արդյունքի հասնելու համար:
«Գիտենք, թե ինչպես ենք գործելու Կիպրոսի դեմ առաջիկա խաղերում»,-ասաց նա:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոյեմբերի 12-ին Երևանում կընդունի Կիպրոսի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին: