Հայաստան

ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը նպաստում են ինտենսիվ տեղումները և գետային ներհոսքերը

4 րոպեի ընթերցում

ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը նպաստում են ինտենսիվ տեղումները և գետային ներհոսքերը

Հայաստանում վերջին օրերին դիտված ինտենսիվ տեղումները և գետային ներհոսքերի աճը նպաստում են ջրային պաշարների համալրմանը և ընդհանուր հիդրոլոգիական իրավիճակի բարելավմանը՝ միաժամանակ պահպանելով հանկարծակի հեղեղումների և սելավների հնարավորությունները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշել է, որ վերջին օրերին հանրապետության մի շարք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայք և Գեղարքունիք, դիտվել են հորդառատ անձրևներ՝ պայմանավորված մթնոլորտային անկայուն գործընթացներով և վերընթաց օդային հոսանքների ակտիվացմամբ։ Տեղումները եղել են կարճատև, սակայն բարձր ինտենսիվությամբ՝ տեղ-տեղ ուղեկցվելով ամպրոպներով և կարկուտով։ Օրական առավելագույն տեղումները հասել են 20–25 մմ-ի։

Հունիսի 12-ի դրությամբ հանրապետության մեծ մասում տեղումների կուտակային քանակը կազմել է հունիս ամսվա կլիմայական նորմայի շուրջ 50–60 տոկոսը։ Սա, մասնագետների գնահատմամբ, չի համարվում ծայրահեղ շեղում, սակայն վկայում է տեղումների անհավասար բաշխման և ինտենսիվ դրսևորումների մասին։

Ջրային կառավարման համակարգում կարևոր իրադարձություն է Ապարանի ջրամբարի 100 տոկոս լցվածությունը, որը վերջին անգամ արձանագրվել էր 2011 թվականին։ Ջրամբարի լիարժեք լցվածությունը ապահովում է Ապարանի և Աշտարակի տարածաշրջանների ոռոգման համակարգերի կայուն աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ սնուցում է Արզնի–Շամիրամ ջրանցքը։ Արդյունքում նվազում է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի ծավալը՝ դրական ազդեցություն ունենալով ընդհանուր ջրային հաշվեկշռի վրա։

Սևանա լճի մակարդակը նույնպես շարունակում է աճի միտում ցուցաբերել։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 12-ը լճի մակարդակը բարձրացել է 44 սմ-ով՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը և մոտենալով բազմամյա միջին արժեքներին։ Մասնագետների դիտարկմամբ՝ մեկ օրվա ընթացքում մինչև 2 սմ բարձրացումը համարվում է հազվադեպ երևույթ և հիմնականում պայմանավորված է գետային ներհոսքերի կտրուկ աճով՝ ինտենսիվ տեղումների կամ ձնհալքի հետևանքով։

«Ընդհանուր առմամբ, 2026 թվականի գարնան ընթացքում տեղումների քանակը կազմել է շուրջ 198 մմ կամ նորմայի 131 տոկոսը, ինչը նպաստել է հողի խոնավության վերականգնմանը, մակերևութային և ստորերկրյա ջրերի համալրմանը, ինչպես նաև ջրային համակարգերի ընդհանուր հավասարակշռությանը»,-նշեց Ազիզյանը։

Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ ամռան ամիսներին հնարավոր բարձր ջերմաստիճանների և տեղումների նվազման պայմաններում ջրային հաշվեկշիռը կարող է փոփոխվել։

Մասնագետների գնահատմամբ՝ ներկայիս հիդրոլոգիական իրավիճակն ընդհանուր առմամբ թույլ է տալիս դրական կանխատեսումներ անել ոռոգման սեզոնի համար․ գետերի ջրի ելքերը հիմնականում նորմային մոտ կամ գերազանցում են այն, խոշոր ջրամբարները գտնվում են բարձր լցվածության փուլում, իսկ Սևանա լիճը շարունակում է կայուն վերականգնման միտումը։ Միևնույն ժամանակ, համակարգի զգայունությունը եղանակային կտրուկ փոփոխությունների նկատմամբ պահպանվում է բարձր, ինչը պահանջում է շարունակական մոնիթորինգ և ռիսկերի կառավարում։

Լուսինե Ջալալյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում