«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ
5 րոպեի ընթերցում
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմումը ԿԸՀ ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Վարդևանյանը նշեց, որ իրենց դիմումի շրջանակներում ԿԸՀ են ներկայացվել, իրենց պնդմամբ, այն բոլոր մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ մինչև բուն քվեարկությունը։
«Կարծում եմ, որ շատերը հետևել և հետևում են այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում հետընտրական գործընթացների շրջանակում։ Այն ամենը, ինչ հիմա կատարվում է ժողովրդավարական հասարակությունում չպետք է կատարվի»,- նշեց Վարդևանյանը։
Պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել նաև Սահմանադրական դատարան՝ Վարդևանյանը պարզաբանեց, որ եթե քաղաքական ուժը ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում չի ներկայացնում, ապա հետագայում Սահմանադրական դատարանում պատասխանող կողմը, օրինակ, ԿԸՀ-ն, այդ փաստը կարող է ներկայացնել որպես փաստարկ և վկայակոչել, որ քաղաքական ուժն իրեն դիմում չի ներկայացրել։
«Օրենսդրությունն, ի վերջո, ԿԸՀ-ին վերապահել է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորություն։ Այդ նպատակով, առնվազն, պետք է նման դիմում ներկայացնել ԿԸՀ։ Մենք ներկայացնում ենք դիմումը, և ԿԸՀ-ն էլ պարտավոր է քննարկել այն ոչ թե զուտ քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների տեսանկյունից, այլև ընդհանրապես ընտրական գործընթացների տեսանկյունից»,-պարզաբանեց Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է նաև անդրադարձ կատարել վերաքվեարկություն անցկացնելու թեմային, քանի որ, եթե անվավեր ճանաչված ընտրատեղամասերի արդյունքներն ազդում են ընտրության ընդհանուր արդյունքների վրա, ապա պարտադիր պետք է վերաքվեարկություն անցկացվի։
Հունիսի 11-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ դաշինքը կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։
Նույն օրը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Անվավեր էին ճանաչվել, մասնավորապես թիվ 35/65 և թիվ 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։
ԿԸՀ-ն այդ տեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը քննարկել էր «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա։ Դանիել Իոաննիսյանն իր հերթին նման դիմում էր ներկայացրել՝ հաշվի առնելով ընդդիմադիրներ քաղաքական ուժերի բողոքները, թե «այդ տեղամասերում քվեարկության ժամի ավարտից հետո կազմակերպվել են զինծառայողների ուղղորդված քվեարկություններ»։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի գնահատականներով՝ ԿԸՀ-ի այդ որոշումը զրկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից, քանի որ այդ ընտրատեղամասերում ԲՀԿ-ն շատ ձայներ է ստացել, իսկ ավելի քան 8 տասնյակ ընտրական տեղամասերում ընթացող վերահաշվարկի արդյունքներով ակնկալում էր, որ ԲՀԿ-ն կմտնի խորհրդարան։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։
Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։