«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարում է ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով ԿԸՀ դիմելու մտադրության մասին
3 րոպեի ընթերցում
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, թե իբր քաղաքական մի շարք ուժերի դիմումների հիման վրա ընթացող վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները շեշտակի նվազել են՝ չնայած այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ վերահաշվարկի արդյունքներով իրենց ձայներն ավելացել են ավելի քան 1000 ձայնով։
Կարապետյանը նաև պնդել է, թե քվեարկության ժամանակ զինծառայողներին ուղղորդված տարել են ընտրությունների, պետական համակարգի աշխատողներին ուղղորդել են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
«Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ համարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- ասել է Կարապետյանը։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։
Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։
ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։
Այս պահին ընթանում է ձայների վերահաշվարկ, ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին։