Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա կատարած այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է անցկացրել և մասնակցել տարբեր միջոցառումների։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ֆիդանը Սոֆիայում հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի հետ։ Հանդիպումը կայացել է Հարավարևելյան Եվրոպայի համագործակցության գործընթացի (SECP) պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։
Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նաև այցելել է Սոֆիայի Բարձրագույն իսլամական ինստիտուտ, որտեղ հանդիպել է Բուլղարիայի գլխավոր մուֆթիության ղեկավարության և տարածաշրջանային մուֆթիների հետ։
Ֆիդանը շրջայց է կատարել Բարձրագույն իսլամական ինստիտուտի և Սոֆիայի հոգևոր դպրոցի համատեղ շենքում, ծանոթացել ուսումնական հաստատության գործունեությանն ու ենթակառուցվածքներին։
Բացի այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել ելույթով Բարձրագույն իսլամական ինստիտուտի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ընթացքում։