Թուրքիան կշարունակի միջնորդական դեր խաղալ Լիբիայում. Թուրքիայի արտգործնախարար
4 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դրական է գնահատել Լիբիայի արևելյան և արևմտյան հատվածների միջև ընթացող բանակցությունները՝ նշելով, որ երկու կողմում էլ երկրի վերամիավորման հարցում լուրջ աջակցություն կա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Ֆիդանն այս մասին հայտարարել է Բենգազիից մեկնելուց առաջ՝ ամփոփելով Տրիպոլիում և Բենգազիում անցկացրած բանակցությունները։
«Մենք կշարունակենք այստեղ իրականացնել մեր կառուցողական և միջնորդական դերը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ֆիդանի խոսքով՝ վերջին 15 տարիներին Լիբիան անցել է անկայունության ծանր ժամանակաշրջանով, սակայն 2019 թվականից ի վեր երկրում պահպանվում է հարաբերական հանգստություն՝ առանց պատերազմի։
Նա նշել է, որ Թուրքիան ևս իր արտաքին քաղաքականությամբ նպաստել է այդ իրավիճակի ձևավորմանը։
Թուրքիայի ԱԳ նախարարը Տրիպոլիում հանդիպել է Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի, նախագահական խորհրդի նախագահ Մուհամեդ ալ-Մենֆիի, բարձրագույն պետական խորհրդի նախագահ Մուհամեդ Միֆթահ Տակալայի և այլ պաշտոնյաների հետ։
Ֆիդանի փոխանցմամբ՝ Տրիպոլիում գործող իշխանությունները լրջորեն աջակցում են Լիբիայի արևելքի և արևմուտքի վերամիավորմանը և պատրաստ են բանակցությունների, թեև ունեն որոշակի պայմաններ։
Բենգազիում Ֆիդանը բանակցություններ է վարել Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի, նրա տեղակալ Սադամ Հաֆթարի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Ագիլա Սալեհի և Վերակառուցման հիմնադրամի ղեկավար Բելքասեմ Հաֆթարի հետ։
«Նրանց կողմից ևս լուրջ աջակցություն կա Լիբիայի ինտեգրմանն ու միավորմանը»,- ասել է Ֆիդանը՝ հավելելով, որ Թուրքիան հարաբերություններ է պահպանում ինչպես երկրի արևելքի, այնպես էլ արևմուտքի հետ և աջակցում Լիբիայի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը։
Նրա գնահատմամբ՝ միասնականության վերականգնումը հնարավորություն կտա ոչ միայն լուծել Լիբիայի ներքին խնդիրները, այլև դրական ազդեցություն կունենա ավելի լայն տարածաշրջանի վրա։
Ֆիդանը նշել է, որ Լիբիայից հեռանում է լավատեսությամբ, թեև գործընթացում դեռ կան որոշ խոչընդոտներ։
Անկարան նախատեսում է դրանք քննարկել ինչպես Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների, այնպես էլ այլ երկրների հետ։
Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն Լիբիայի հարցով որոշ դրույթներ պարունակող փաստաթուղթ է պատրաստել և խորհրդակցություններ է անցկացնում Թուրքիայի հետ։
Ֆիդանի խոսքով՝ Անկարան գործընթացն առաջ է տանում ԱՄՆ-ի, Եգիպտոսի և տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ։
Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև տնտեսական համագործակցությանը՝ նշելով, որ թուրքական ընկերությունների գործունեությունը դրական է գնահատվում ինչպես Տրիպոլիում, այնպես էլ Բենգազիում։ Նրա կարծիքով՝ Լիբիայում պետք է ընդլայնվի ոչ միայն թուրքական շինարարական ընկերությունների, այլև արդյունաբերական ձեռնարկությունների ներկայությունը։
Ֆիդանը հայտնել է, որ Լիբիայից հետո նախատեսում է այցելել Եգիպտոս, որի հետ Թուրքիան համագործակցում է տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Պաղեստինի հարցի շուրջ։