Հայաստան

ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի վերաբերյալ շրջանառվող տարբերության պատճառները

3 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի վերաբերյալ շրջանառվող տարբերության պատճառները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններից հետո ընտրողների թվի վերաբերյալ շրջանառվող տարբերությունների պատճառները՝ կոչ անելով զերծ մնալ անհիմն շահարկումներից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԿԸՀ տարածած հաղորդագրությունից, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քվեարկությանը նախորդող օրը հրապարակում է միայն ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։

Միաժամանակ, ընտրական գործընթացում գոյություն ունեն ընտրողների մի շարք առանձին ցուցակներ, որոնք կազմվում են այլ իրավասու մարմինների կողմից և չեն ներառվում նախապես հրապարակվող տվյալներում։

Խոսքը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող ընտրողների, ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվող ընտրողների, զորամասերում կազմվող ընտրողների, ինչպես նաև քվեարկության օրը տեղամասային կենտրոններում կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների ցուցակներին։

ԿԸՀ-ն նշել է, որ այդ տվյալները ներառվում են քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություններում, սակայն չեն կարող արտացոլվել լիազոր մարմնի կողմից նախապես հրապարակվող ընտրողների թվում։

Հանձնաժողովը նաև հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքով զորամասերում հաշվառված ընտրողների թվի հրապարակումը որևէ ձևաչափով արգելված է։

«Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրամադրվում են քվեարկության օրվանից երեք օր առաջ փակ և կնքված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը՝ այն պահին, երբ ընտրական տեղամաս են այցելում զորամասի ցուցակում ընդգրկված ընտրողները»,- նշված է հաղորդագրությունում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շեշտել է, որ ընտրողների թվի վերաբերյալ հրապարակվող տարբեր տվյալների միջև առկա տարբերությունները պայմանավորված են հենց օրենքով նախատեսված այդ առանձնահատկություններով։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում