Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան

4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կատարած իր ուղերձում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան։ Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման, հանրային պատասխանատվության և պետական ինստիտուտների կայացվածության համար։

Քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ ձևավորված արդյունքներն այն իրավական ու բարոյական հիմքն են, որի վրա հենվում է պետական իշխանության լեգիտիմությունը։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց մասնակցությամբ վերահաստատեցին, որ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է։

Շնորհակալություն եմ հայտնում ընտրական գործընթացի կազմակերպման, օրինականության և թափանցիկության ապահովման գործում ներգրավված բոլոր անձանց և մարմիններին, տեղական և միջազգային դիտորդական առաքելություններին ու զանգվածային լրատվամիջոցներին։

Ժողովրդավարական համակարգում ընտրությունները քաղաքական գործընթացի ավարտ չեն, այլ նոր և առավել մեծ պատասխանատվության սկիզբ։

Գաղափարական ու ծրագրային մրցակցությունը ժողովրդավարության կենսատու ուժն է և ընտրություններից հետո բոլորիս գործունեության ուղեցույցը պետք է լինի մեկ գերակա նպատակ՝ Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահը։

Շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքացիների վստահությունն ու խորհրդարանական մեծամասնություն ստանալու կապակցությամբ։ Ընտրությունների արդյունքները նախորդ ժամանակահատվածում իրականացված գործունեության հանրային գնահատականն են, ինչպես նաև երկրի հետագա զարգացման, ներկայացված ծրագրերը կյանքի կոչելու համար տրված քաղաքական լիազորություն։

Շնորհավորում եմ Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունք ստացած քաղաքական ուժերին, որոնց ստացած մանդատը երկրի կառավարման պատասխանատվությանը մասնակից լինելու պատվիրակում է։

Ազգային ժողովը պետական մտածողության, արգասաբեր երկխոսության և քաղաքական բարձր մշակույթի հարթակ է։ Մեր պետության առջև ծառացած արդի մարտահրավերները պահանջում են ռազմավարական հեռատեսություն և միասնականություն։ Մաղթում եմ անդուլ ու արդյունավետ աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր ժողովրդի բարօրության»,– ասված է ՀՀ նախագահի ուղերձում։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։

Հայերեն English Русский