Բահրեյնն արգելել է իր քաղաքացիների ուղևորություններն Իրան և Իրաք
1 րոպեի ընթերցում

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հունիսի 2-ին հայտարարել է մերձավորարևելյան տարածաշրջանում հակամարտության ֆոնին Իրան և Իրաք ուղևորություններն արգելելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գերատեսչությունը հայտնել է X սոցիալական հարթակում:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքացիներին արգելվում է ուղևորություններ կատարել Իրան և Իրաք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին ենթարկվել այս որոշմանը՝ Մերձավոր Արևելքում փխրուն հրադադարի ֆոնին։
Մերձավորարևելյան լրատվամիջոցները նշում են, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական գործողությունների ակտիվ փուլի ժամանակ Բահրեյնի տարածքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները զգալիորեն վնասվել են իրանական հարվածների հետևանքով։