4 րոպեի ընթերցում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստանում է թոշակները հասցնել 100 հազար դրամի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Մասիսում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանը։
Նրա դիտարկմամբ՝ թոշակառուի նվազագույն ծախսը կազմում է 78 հազար դրամ և թոշակների 10 հազար դրամով բարձրացումը չի կարող լուծել նրանց ապրուստի խնդիրը։
«Մեր ծրագրով նախատեսված է թոշակները հասցնել 100 հազար դրամի, իսկ դրանից հետո տարեկան 5-10 հազար դրամով ավելացնել»,-ասել է Ծառուկյանը։
Անդրադառնալով սահմանամերձ գոտու բնակավայրերի համար իրենց քաղաքական ուժի նախատեսած ծրագրերին՝ Ծառուկյանը ներկայացրել է, որ սահմանային գոտում պետք է ամբողջությամբ հանել գույքահարկը։
«Եթե մարդն ուզում է իր տղայի համար տուն կառուցել, պետք է մի երկու միլիոն դրամ էլ տրամադրել, որ գյուղերը չդատարկվեն։ Պետք է դոտացիա, արտոնություններ տալ, որպեսզի մարդիկ, սահմանամերձ համայնքներում ապրելով, որոշ արտոնություններ ու առավելություններ ունենան»,-հավելել է նա։
Ըստ Ծառուկյանի՝ իրենց ծրագրով տարեկան 100 միլիարդ դրամ կմտնի Հայաստան։
Բացի այդ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը խոստանում է ընտրվելու դեպքում անմիջապես քննարկման ներկայացնել մեկ շնչի հաշվով մինչև 3 միլիոն դրամի վարկերը ներելու մասին որոշում։
Ըստ Ծառուկյանի՝ տնտեսական ճգնաժամով, համավարակով, այնուհետև պատերազմով պայմանավորված՝ քաղաքացիներն այդ ժամանակահատվածում չեն աշխատել և ստիպված են եղել վարկեր վերցնելու միջոցով իրենց ապրուստը, բուժվելու ծախսերը հոգալ։ Նրա հաշվարկով՝ պետության կողմից նշված չափով վարկերը ներելու դեպքում մոտ 2 միլիոն 200 հազար մարդ կարող է դուրս գալ դժվար իրավիճակից։
Խոսելով տնտեսական ոլորտի ծրագրերից՝ Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր ու միջին բիզնեսներին պետք է ազատել հարկերից և նրանց հնարավորություն տրվի զարգանալ, շուկաներ ձեռք բերել։ Այնուհետև՝ արդեն 180 միլիոն դրամ շրջանառության դեպքում նրանք պետք է 1 տոկոս հարկ վճարեն։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։
ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։ Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։