Հայաստանի առողջապահության ապագան պետք է հիմնված լինի կանխարգելման, կրթության և թվային վերափոխման վրա. Արման Ոսկերչյան
13 րոպեի ընթերցում
Հայաստանի առողջապահության ապագան պետք է կառուցվի կանխարգելման, ժամանակակից կրթության, պետական-մասնավոր համագործակցության և արհեստական բանականության վրա հիմնված նոր լուծումների շուրջ։
Հայաստանի առողջապահական համակարգում համակարգային փոփոխությունների, Երևանում և մարզերում իրականացվող ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, AVC Solutions for Healthcare-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Philips ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների նախկին գլխավոր տնօրեն Արման Ոսկերչյանի հետ։
ՀԵՆԱՐ-ի համահիմնադիրը համոզված է՝ Հայաստանի առողջապահության ապագան կախված է ուժեղ առաջնային օղակից, շարունակական բժշկական կրթությունից, միջազգային փորձի տեղայնացումից, տեխնոլոգիական նորարարություններից և արհեստական բանականության արդյունավետ կիրառությունից։
-Սկսենք այն մոտիվացիայից, թե ինչից սկսվեց ՀԵՆԱՐ հիմնադրամի գործունեությունը։ Ինչպե՞ս առաջացավ հիմնադրամ ստեղծելու գաղափարը։
-Հիմնադրամը հիմնել ենք 2021 թվականին ոլորտի մարտահրավերներին ու խնդիրներին ճիշտ արձագանքելու համար: Հիմնական տեսլականը Հայաստանում առողջապահական էկոհամակարգի փոխակերպմանն աջակցելն է՝ ստեղծելով հարթակ, որը կհամախմբի տարբեր դերակատարների՝ պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների։ Մենք մեր դերը տեսնում ենք որպես կամուրջ, որը հնարավորություն կտա սկսել և հաջողությամբ կյանքի կոչել համակարգային փոփոխություններ առողջապահության ոլորտում։
Ի սկզբանե մեր դերը երեք ուղղությամբ էինք պատկերացնում։ Առաջինը՝ համակարգողի դերակատարումն էր, երբ հարթակը պետք է համակարգեր պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի գործունեությունը։ Երկրորդը՝ ռազմավարական նախագծերի մշակման և իրականացման գործընթացին մասնակցելն էր՝ նպաստելով առողջապահական համակարգի տրանսֆորմացիային։ Եվ երրորդը՝ ոլորտի ներկայացուցիչներին, ակադեմիական շրջանակներին, գիտությանը և սոցիալական ձեռներեցներին համախմբելն էր՝ համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով։
Սրանք էին այն առաջնային ուղղությունները, որոնք սահմանեցինք հիմնադրամի գործունեության համար՝ առաջնային օղակի զարգացում, մարդկային ռեսուրսների զարգացում և առողջապահության թվայնացում՝ ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով։
- Պարոն Ոսկերչյան, արդեն երկար տարիներ ոլորտում եք։ Որո՞նք են այսօր Հայաստանի առողջապահական համակարգի հիմնական խնդիրները։
-Եթե նայենք կյանքի տևողության ցուցանիշին, ապա Հայաստանում այն բավականին բարձր է՝ 78+ տարի։ Սակայն եթե մի փոքր խորանանք, կտեսնենք, որ ոչ վարակիչ հիվանդությունների ոլորտում իրավիճակը բավականին մտահոգիչ է։
Մահացության դեպքերի ավելի քան 75 տոկոսը պայմանավորված է սիրտ-անոթային, ուռուցքային, թոքային հիվանդություններով և շաքարային դիաբետով։ Սա շատ բարձր ցուցանիշ է՝ այլ երկրների համեմատ։ Դրա պատճառներից մեկը վարքագծային ռիսկերի բարձր մակարդակն է․ բնակչության զգալի հատվածը միաժամանակ ենթարկվում է մի քանի ռիսկային գործոնների։
Մյուս խոշոր խնդիրը առողջապահության ֆինանսավորման մոդելն է։ Մինչև ապահովագրական համակարգի ներդրման գործընթացի մեկնարկը, առողջապահական ծախսերի ավելի քան 80 տոկոսը վճարվում էր հենց քաղաքացիների կողմից։ Սա շատ բարձր ցուցանիշ է և բերում է գերծախսերի․ մեր բնակչության շուրջ 16 տոկոսը ընտանիքի բյուջեի ավելի քան 10 տոկոսը ծախսում էր առողջապահության վրա։
Այսօր մեր առողջապահական համակարգը չափազանց կենտրոնացած է հիվանդանոցային և բուժական ծառայությունների վրա, մինչդեռ զգալիորեն պետք է զարգանա առաջնային բուժօգնության ոլորտը։
Մյուս կարևոր խնդիրը բժշկական կրթությունն է։ Բժիշկների թվի պակաս Հայաստանում չունենք, սակայն կա անհավասար բաշխվածություն․ մասնագետների մեծ մասը կենտրոնացած է Երևանում, մինչդեռ մարզերում զգացվում է լուրջ պակաս։ Առավել մտահոգիչ է միջին բուժանձնակազմի վիճակը՝ թե՛ քանակի, թե՛ կրթության որակի տեսանկյունից։
Եվ վերջապես՝ թվային վերափոխումը։ Այսօր առողջապահության ոլորտում թվայնացումն ու արհեստական բանականությունը գնալով ավելի մեծ դեր են ստանում, և դրանց ինտեգրումը Հայաստանի առողջապահական համակարգում կարող է էական ազդեցություն ունենալ ոլորտի արդյունավետության բարձրացման վրա։
- Հաշվի առնելով ձեր միջազգային փորձը՝ հնարավո՞ր է համատեղել միջազգային և տեղական փորձը։
-Ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։ Առողջապահությունն այն ոլորտն է, որը չափազանց արագ է զարգանում։ Նույնիսկ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, թե ինչպիսի փոփոխություններ կարող է բերել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ։
Այսօր նորարարությունները պետք է ներդրվեն գրեթե բոլոր ուղղություններում։ Բայց դրանց արդյունավետ օգտագործման համար համակարգը, բժիշկներն ու բուժքույրերը պետք է շարունակական կրթության մեջ լինեն։ Բժշկական կրթությունն ավարտելուց հետո ուսուցման գործընթացը, ըստ էության, նոր է սկսվում։ Եթե մասնագետը մշտապես չզարգանա, շատ արագ հետ կմնա ոլորտի զարգացումներից։
Հայաստանում այսօր նորարարությունները բավականին արագ են ներդրվում։ Եթե նախկինում նոր բուժման կամ ախտորոշման մեթոդների ներդրումը տարիներ էր պահանջում, այժմ այդ գործընթացը շատ ավելի արագ է ընթանում։ Եվ մենք իրավունք չունենք հետ մնալու։
-Որքանո՞վ է արդյունավետ պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը առողջապահության ոլորտում։
-Առողջապահության ոլորտում պետական-մասնավոր համագործակցությունը առանցքային նշանակություն ունի։ Առանց դրա արդյունավետ համակարգ կառուցել հնարավոր չէ։
Մեր փորձից կարող եմ ասել, որ պետության հետ համագործակցությունը բավական արդյունավետ է ստացվել։ Սերտ աշխատում ենք Առողջապահության նախարարության, ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի, Առողջապահության ազգային ինստիտուտի և ոլորտի բազմաթիվ այլ կառույցների հետ։
Նույնը վերաբերում է նաև մասնավոր հատվածին և սփյուռքի ներուժին։ Մենք ունենք բազմաթիվ հայ բժիշկներ արտերկրում, որոնք պատրաստ են իրենց գիտելիքներն ու կապերը ծառայեցնել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը։ Մեր բոլոր ծրագրերը կառուցված են համագործակցության գաղափարի վրա։ Միայն լայն համագործակցության միջոցով կարելի է իրականացնել համակարգային փոփոխություններ։
- Խոսենք Բոստոնի համալսարանի հետ ձեր համագործակցության մասին։ Ի՞նչ ծրագիր է դա և ի՞նչ արդյունքներ կան։
-Ծրագիրը մեկնարկել է անցած տարի՝ Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկության դպրոցի հետ համագործակցությամբ։ Այն ուղղված է բժիշկների կրթական կարողությունների զարգացմանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի երեքական ներկայացուցիչներ, այսինքն՝ 6 սովորող բժիշկ, մասնակցում են Բոստոնի համալսարանի առցանց դասընթացներին և ստացած գիտելիքը փոխանցում են այստեղ իրենց գործընկերներին՝ հատուկ դասընթացների միջոցով։ Խոսքը մոտ 180 մասնագետի մասին է։ Այդ մեր 6 ուսանողները շուտով կմեկնեն Բոստոն՝ մասնակցելու նաև առկա ձևաչափով դասերի։ Հիմնական գաղափարը նոր սերնդի այնպիսի մասնագետների ձևավորումն է, որոնք հետագայում իրենց գիտելիքները կփոխանցեն մյուս բժիշկներին, ուսանողներին և ռեզիդենտներին։
Շատ կարևոր է, որ ծրագիրը սովորեցնում է ոչ միայն բժշկություն, այլ նաև՝ ինչպես ճիշտ կազմակերպել կրթական գործընթացը։ Մենք հաճախ կարծում ենք, որ լավ բժիշկը նաև լավ դասախոս է, բայց դա միշտ չէ, որ այդպես է։ Այսօր բժշկական կրթությունը ինքնուրույն գիտություն է։
- Անդրադառնանք «Պաշտպանված սրտի քաղաք» ծրագրին։ Ի՞նչ արդյունքներ ունեք։
-Սա շատ կարևոր և հետաքրքիր ծրագիր է, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Philips հիմնադրամի, Առողջապահության նախարարության, ՆԳՆ-ի, ԵՊԲՀ-ի, Շտապօգնության ծառայության, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և ոլորտի բազմաթիվ այլ կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Այս պահին Երևանի փոքր կենտրոնում տեղադրված է 40 ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր: Ստեղծվել է նաև կամավորների ցանց՝ մոտ 3000 մասնակցով։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ցանկացած քաղաքացու, նույնիսկ առանց բժշկական կրթության, անցնել համապատասխան վերապատրաստում և անհրաժեշտության դեպքում կարողանալ փրկել մարդու կյանք։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման համակարգերի ներդրման արդյունքում հանկարծամահության դեպքերում փրկվելու հավանականությունը 4-5 տոկոսից կարող է հասնել 50-70 տոկոսի։ Մենք սկսել ենք որպես պիլոտային ծրագիր Երևանի կենտրոնից, բայց այն միանշանակ կարող է տարածվել նաև Հայաստանի մյուս քաղաքներում։
- Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում մարզերում, մասնավորապես՝ Սյունիքում։
-Սյունիքը մեզ համար առաջնահերթ ուղղություններից է։ Այստեղ արդեն մի քանի ծրագիր ենք իրականացրել։ Դրանցից մեկը «Համայնքային առողջապահության աշխատողներ» ծրագիրն է։ Սա նոր մոդել է Հայաստանի համար, որի շրջանակում մի կողմից վերապատրաստում ենք համայնքային բուժքույրերին, մյուս կողմից համայնքի՝ բժշկական կրթություն չունեցող բնակիչը ստանում է անհրաժեշտ հմտություններ տեղում համայնքին աջակցություն ցուցաբերելու համար, ինչը նպաստում է համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանը։
Այս պահին ծրագիրը գործում է արդեն 7 գյուղերում։ Մեր նպատակն է հասկանալ՝ որքանով այս մոդելը կարող է ինտեգրվել Հայաստանի առաջնային օղակի համակարգում։ Ծրագիրը հիմնված է միջազգային փորձի վրա, և այժմ փորձում ենք գնահատել դրա արդյունավետությունը Հայաստանի պայմաններում։
- Ինչպե՞ս եք ընտրում ծրագրերը և ապահովում դրանց շարունակականությունը։
-Մեզ համար երեք հիմնական սկզբունք կա։ Առաջինը՝ կայուն զարգացումն է։ Մենք ուզում ենք, որ ծրագրերը դառնան համակարգի մաս և բերեն երկարաժամկետ փոփոխություններ։ Երկրորդը՝ պետական-մասնավոր համագործակցության խթանումն է։
Երրորդը՝ համակարգային ազդեցությունը։ Յուրաքանչյուր ծրագիր պետք է բերի համակարգային փոփոխության և չլինի միայն դոնորական ֆինանսավորումից կախված նախաձեռնություն։
- Ի՞նչ դեր կարող են ունենալ թվայնացումն ու արհեստական բանականությունը Հայաստանի առողջապահության մեջ։
-Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ թվայնացումն ու արհեստական բանականությունը փոխում են կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում՝ առողջապահությունը։ Այսօր արհեստական բանականությունն ազդեցություն ունի բժշկության գրեթե բոլոր ուղղությունների վրա՝ ախտորոշումից մինչև բուժում։
Հեռաբժշկությունը, որը մի քանի տարի առաջ մեծ նորարարություն էր համարվում, այսօր արդեն սովորական գործիք է դարձել։ Հայաստանի համար սա ոչ թե վտանգ, այլ մեծ հնարավորություն է։ Կարևոր է, որ համակարգը պատրաստ լինի այս փոփոխություններին և կարողանա դրանք ճիշտ օգտագործել։
- Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի առողջապահության ապագան 5-10 տարի հետո։
-Կարծում եմ՝ պետք է «հիվանդաբուժությունից» անցում կատարել դեպի իրական առողջապահություն։ Այսինքն՝ կառուցենք համակարգ, որը ոչ միայն բուժում է հիվանդությունները, այլև պահպանում և ուժեղացնում մարդկանց առողջությունը։ Դա նշանակում է ուժեղ առաջնային օղակ, ավելի լավ կրթված մասնագետներ, նորարարությունների կիրառություն և կանխարգելման բարձր մակարդակ։
Այսօր կյանքի տևողությունն աճում է, բայց մարդիկ իրենց կյանքի 15-20 տոկոսն անցկացնում են առողջական վատ վիճակում։ Մեր խնդիրը ոչ միայն կյանքի տևողությունը երկարացնելն է, այլև կյանքի որակը բարելավելը։
Կցանկանայի, որ 5-10 տարի հետո Հայաստանում մարդիկ ապրեին ավելի առողջ, ավելի երկար և ավելի որակյալ կյանքով։