Միացյալ Նահանգներ

Հայաստանն ու ԱՄՆ-ն թևակոխել են հարաբերությունների պատմականորեն աննախադեպ փուլ. Արարատ Միրզոյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն թևակոխել են հարաբերությունների պատմականորեն աննախադեպ փուլ. Արարատ Միրզոյան

Հայաստանը և Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերությունը բարձրացրել են նոր մակարդակի՝ այն վերանվանելով համապարփակ ռազմավարական գործընկերություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոի հետ համատեղ հայտարարության ընթացքում։

Միրզոյանը նշել է, որ Երևան կատարած այցը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունները հետևողականորեն ամրապնդելու հանձնառության մասին։

«Մեր երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ։ Չափազանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ՝ հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի պարբերական զարգացումները»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ առանցքային իրադարձություններից մեկը եղել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը, որը հյուրընկալել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Միրզոյանի խոսքով՝ այդ գագաթնաժողովում հնարավոր է դարձել հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ձեռք բերել պայմանավորվածություններ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ 2026 թվականի հունվարին Վաշինգտոնում ինքը և պետքարտուղար Ռուբիոն ստորագրել են «TRIPP» նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ փաստաթուղթ, իսկ այժմ Երևանում նախաստորագրվել է արդեն միջպետական համաձայնագիրը։

«Այս տարվա արդեն հունվարի սկզբին ես և իմ հարգելի գործընկեր պետքարտուղար Ռուբիոն Վաշինգտոնում ստորագրեցինք «TRIPP» նախագծի իրականացման շրջանակի մասին մի նոր փաստաթուղթ, և կրկին ընդամենը մի քանի ամիս անց այսօր՝ մայիսին, Երևանում մենք կարողացանք նախաստորագրել արդեն միջպետական համաձայնագիրը «TRIPP» ծրագրի վերաբերյալ»,- նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն արդեն ունեն ստորագրված և ստանձնած հանձնառություններ արհեստական բանականության, կիսահաղորդիչների և միջուկային էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև նոր փաստաթուղթ է ստորագրվել հանքանյութերի և կրիտիկական միներալների վերաբերյալ։

Միրզոյանը հատուկ ընդգծել է նաև ռազմավարական գործընկերության ձևաչափի փոփոխությունը։

«Մենք պետքարտուղար Ռուբիոյի հետ միասին քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- ասել է նա։

ԱԳ նախարարի խոսքով՝ նոր փաստաթուղթը հարստացվել է նոր հնարավորություններով, մասնավորապես՝ արհեստական բանականության և այլ ոլորտներում համագործակցության մասով։

Միրզոյանը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի վարչակազմի դերակատարությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում։

«Ուզում եմ մեկ անգամ ևս սա կարևորել և բարձր գնահատել նախագահ Թրամփի և նրա ամբողջ վարչակազմի՝ պետքարտուղար Ռուբիոյի, բոլոր մյուսների դերը և նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում և Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում»,- ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում