Աշխարհ

Իսրայելական հարձակումների ակտիվացման ֆոնին Լիբանանում տասնյակ նոր զոհեր են գրանցվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելական հարձակումների ակտիվացման ֆոնին Լիբանանում տասնյակ նոր զոհեր են գրանցվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի հարավային և արևելյան շրջաններում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 34 լիբանանցի, կան նաև վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Տեղեկություններ են հաղորդվում, որ հարավային Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարձակումները շարունակվում են։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ իրենք մտադիր են ակտիվացնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների դեմ հարվածները՝ ի պատասխան Իսրայելի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների։

«Մենք պատերազմի մեջ ենք «Հեզբոլլահ»-ի հետ», - ասել է Նեթանյահուն իր Telegram ալիքում տեղադրված կարճ տեսաուղերձում։

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերը հարձակվել են Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող ավելի քան 70 ենթակառուցվածքային օբյեկտների վրա։

«Հեզբոլլահ»-ն էլ հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերին պատկանող տրանսպորտային միջոցները և զորքերի հավաքատեղիներն ու զորանոցները։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3185-ի, իսկ վիրավորներինը՝ 9633-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում