Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն

Հայկական մշակութային և քրիստոնեական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու,  մասնագիտական և գիտական փոխանակումներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱՄՆ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի նախագահ Կառլոս Կամպոն մտադրության նամակ/հուշագիր ստորագրեցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակ/հուշագրի նպատակներից է նաև կողմերի միջև սահմանել համագործակցության ընդհանուր շրջանակ՝ թանգարանագիտության, մշակութային ժառանգության պահպանության, ցուցադրությունների, հետազոտությունների և կրթության ոլորտներում։

«Երբ խոսում ենք քրիստոնեական ժառանգության մասին, շատ կարևոր է ցույց  տալ, որ այն ոչ միայն մեր պատմության, այլև մեր այսօրվա և ապագայի մասին է։ Կարծում եմ՝ Աստվածաշնչի թանգարանը մեծ դերակատարություն ունի այդ գործում, որովհետև քրիստոնեական ժառանգության կենտրոնացումը մեկ վայրում հնարավորություն է տալիս այն առավել հասանելի և տեսանելի դարձնել բազմաթիվ այցելուների։ Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ևս կարող է ներդրում ունենալ այդ  չափազանց կարևոր առաքելություն մեջ։ Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ներկայացված լինել Ձեր թանգարանում»,-ասաց Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ Հայաստանի ներդրումը ևս կարևոր կլինի թանգարանի ամբողջական պատկերի համար։ 

Կառլոս Կամպոյի խոսքով՝ իրենք հավատում են, որ նամակ/հուշագիրը երկու կողմերի համագործակցության սկիզբն է, և թե՛ ամերիկացիները, թե՛ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հետաքրքրասերներն այսուհետ կարող են ավելին իմանալ  Հայաստանի և նրա ժառանգության մասին։

Երկու կողմերի նախնական քննարկումների արդյունքում Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է ոչ միայն հայկական կողմին նվիրված մշտական ցուցադրություն կազմակերպել, այլև անցկացնել հայկական ծրագիր, որը կներկայացվի մի ամբողջ տարի։ Կլինեն հետազոտական աշխատանքներ, դասախոսություններ և այլ նախաձեռնություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում