ԳՊՀ-ի դասախոսը դասախոսություն է կարդացել Հռոմի Սապիենզայի համալսարանում
2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը դասախոսություն է կարդացել Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանից, դասախոսություններն անցկացվել են Արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողների համար՝ «Մշակույթների պատմություն» դասընթացի շրջանակում։ Դասախոսությանը ներկա են եղել ուսանողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եթովպիայից, Ճապոնիայից և Չինաստանից։
Դասախոսությունների թեման եղել է Հայաստանի, Անգլիայի և Իտալիայի բանահյուսության համեմատական վերլուծության շուրջ, մասնավորապես, խոսվել է երեք երկրների մշակութային բազմազանության, դրանց միջև նմանության և տարբերության, ծննդյան, հարսանեկան և մահվան ծիսակարգերին առնչվող ավանդույթների մասին։
Համեմատական վերլուծության մեթոդով զուգահեռներ են անցկացվել նաև հայկական «Սասնա ծռեր», անգլիական «Բեովուլֆ» և իտալական «Աստվածային կատակերգություն» էպիկական ստեղծագործությունների միջև։
Ներկաները նաև ծանոթացել են հայկական մշակութային առանձնահատկություններին, լսել հայկական ժողովրդական երգեր, դիտել «Բերդ» ազգային պարը և համեմատություն անցկացրել Հայաստանի և իրենց երկրների մշակույթների, էպոսների և վաղ շրջանի գրական ստեղծագործությունների միջև։