ԱՄՆ պետդեպը հրապարակել է Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի օրակարգը
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մայիսի 26-ի աշխատանքային օրակարգը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետքարտուղարությունը հայտնում է, որ մայիսի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 15։30-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Երևանի ժամանակով Ժամը 16։00-ին Մարկո Ռուբիոն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։ Պետքարտուղարությունը ստորագրվելիք հուշագրի բովանդակությունը չի բացահայտել։
Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ մայիսի 26-ին Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ ծրագրված է փաստաթղթերի ստորագրում, որից հետո Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։