Հայաստան

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տարեկան վիրահատությունների թիվը մի քանի անգամ աճել է. կենտրոնը զարգացնում է նաև գիտական ուղղությունը

9 րոպեի ընթերցում

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տարեկան վիրահատությունների թիվը մի քանի անգամ աճել է. կենտրոնը զարգացնում է նաև գիտական ուղղությունը

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել է իր գործունեությունը՝ ավելացնելով ինչպես բուժառուների հոսքը, այնպես էլ վիրահատությունների ծավալը։ Կենտրոնը, պահպանելով իր հիմնական առաքելությունը՝ վերականգնել տեսողությունը նույնիսկ ամենաբարդ դեպքերում, շարունակում է զարգացնել տեխնոլոգիական, գիտական և կրթական ուղղությունները՝ միջազգային համագործակցության ակտիվ ներգրավմամբ:

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությունները, տարվա ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։

-Ի՞նչ հիմնական առաքելություն և արժեքներ ունի կենտրոնն այսօր, և ինչպե՞ս են դրանք արտացոլվում ձեր առօրյա աշխատանքում։

-Մեր կենտրոնն ունի ավելի քան 40 տարվա պատմություն և Հայաստանի միակ մոնոպրոֆիլ ակնաբուժական կենտրոնն է։ Մեր հիմնական առաքելությունն է ապահովել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ և հնարավորության սահմաններում վերադարձնել տեսողությունը նույնիսկ ամենաբարդ դեպքերում՝ այդ թվում՝ միակ աչքով կամ այլ հաստատություններում մերժված պացիենտների համար։

Կենտրոնում գործում են ութ մասնագիտացված բաժանմունքներ՝ ախտորոշիչ, մանկական, գլաուկոմայի, լազերային շտկման, վնասվածքաբանական, պլաստիկ, վիտրեոռետինալ ու բորբոքային ուղղություններով։ Մեզ մոտ է գործում նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնը, և մենք կարևորում ենք ինչպես բուժական, այնպես էլ կրթական ու գիտական աշխատանքը։

Բացի տեսական կրթությունից, մեծ ուշադրություն ենք դարձնում պրակտիկ հմտությունների զարգացմանը։ Կենտրոնում գործում է միկրովիրաբուժական ուսուցման լաբորատորիա, որտեղ երիտասարդ բժիշկները կենսաբանական մոդելների վրա զարգացնում են միկրովիրաբուժական հմտությունները։ Նման մեթոդները լայնորեն կիրառվում են աշխարհի առաջատար ակնաբուժական կենտրոններում։

Եթե նախկինում տարեկան սպասարկում էինք մոտ 15 հազար բուժառուի, ապա առողջապահական ապահովագրության ներդրումից հետո պացիենտների հոսքը մի քանի անգամ աճել է։ Այսօր օրական իրականացվում է միջինը 150-180 վիրահատություն, իսկ շաբաթական՝ շուրջ 800 վիրահատություն՝ առանց լազերային միջամտությունների հաշվառման։ Կենտրոնում գործում է 10 վիրասրահ, և այդ ծավալները պահանջում են բարձր կազմակերպվածություն ու մեծ նվիրվածություն։

Բնականաբար, ցանկացած բժշկական հաստատությունում լինում են և՛ գոհ, և՛ դժգոհ պացիենտներ, հատկապես երբ գործ ունենք բարդ ու ուշացած դեպքերի հետ։ Սակայն մենք միշտ փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի պահպանենք կամ վերականգնենք մարդկանց տեսողությունը։

-Վերջին տարիներին ի՞նչ կարևոր զարգացումներ կամ բարեփոխումներ են իրականացվել կենտրոնում։

-Կենտրոնում իրականացվում է լայնածավալ, ոչ թե կոսմետիկ, այլ հիմնարար վերանորոգում։ Զուգահեռաբար ձեռք են բերվում նորագույն սարքավորումներ, որոնցից որոշները եզակի են հանրապետությունում։

Մենք ակտիվորեն ներգրավված ենք գիտական գործունեության մեջ. ներկայում իրականացվում են մի քանի միջազգային հետազոտություններ՝ համագործակցելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իսրայելի գործընկերների հետ։ Կենտրոնը նաև ճանաչում ունի միջազգային գիտական հարթակներում, ինչը նպաստում է մեր հեղինակության բարձրացմանը։

Հետազոտությունները վերաբերում են ցանցաթաղանթի հիվանդություններին, միկրովիրաբուժությանը, գլաուկոմայի վաղ ախտորոշմանը և նոր վիրաբուժական մեթոդներին։ Գիտական այս համագործակցությունները կարևոր են ոչ միայն կենտրոնի, այլև ամբողջ Հայաստանի համար:

-Որո՞նք են այն ծառայությունները կամ տեխնոլոգիաները, որոնցով կենտրոնը առանձնանում է Հայաստանում։

-Մենք կարևորում ենք ոչ միայն տեխնոլոգիաները, այլև առաջին հերթին՝ մասնագետներին։ Պացիենտը գալիս է բժշկի մոտ, և հենց բժիշկն է կատարում ախտորոշումն ու բուժումը, իսկ սարքավորումները միայն օգնող գործիք են։

Մեր մասնագետների մեծ մասը վերապատրաստվել է արտերկրում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Բացի այդ, համագործակցում ենք նաև տարածաշրջանային գործընկերների հետ, մասնավորապես՝ Վրաստանի ակնաբույժների հետ, որոնք արդեն իրենց երիտասարդ մասնագետներին ուղարկում են մեր կենտրոն՝ վերապատրաստման։

-Կադրային քաղաքականության առումով ինչպե՞ս եք ներգրավում և զարգացնում երիտասարդ մասնագետներին։

-Քանի որ կլինիկական օրդինատորները սովորում են հենց մեր կենտրոնում, մենք հնարավորություն ունենք հետևելու նրանց առաջընթացին։ Վերջին տարիներին լավագույններից ընտրել ենք շուրջ 10 երիտասարդ բժիշկների, որոնք համալրել են մեր թիմը։

Գործում է նաև էթիկայի կոմիտե, որը գնահատում է թեկնածուների մասնագիտական և մարդկային որակները։ Մենք կարևորում ենք ոչ միայն գիտելիքը, այլ նաև աճելու ձգտումը։

-Արդյոք համագործակցո՞ւմ եք միջազգային կառույցների հետ։

-Այո, համագործակցում ենք մի շարք երկրների հետ՝ ինչպես գիտական, այնպես էլ մասնագիտական ուղղություններով։ Այդ համագործակցությունները նպաստում են նոր մեթոդների ներդրմանը և նույնիսկ բժշկական տուրիզմի զարգացմանը. լինում են դեպքեր, երբ արտասահմանցի բժիշկները իրենց պացիենտներին ուղղորդում են բուժման նպատակով Հայաստան։

-Որո՞նք են այսօր ակնաբուժության ոլորտում հիմնական մարտահրավերները Հայաստանում։

-Ամենամեծ մարտահրավերը գիտության զարգացումն է։ Միայն սարքավորումներ ձեռք բերելով կամ բժիշկներին վերապատրաստելով հնարավոր չէ հասնել բարձր արդյունքների, եթե չի զարգանում գիտական միտքը։ Մենք փորձում ենք այդ բացը լրացնել՝ ակտիվորեն ներգրավվելով հետազոտություններում։

-Ինչպիսի՞ դեր ունի նորագույն տեխնոլոգիաների ներդրումը ձեր ռազմավարության մեջ։

 -Նոր տեխնոլոգիաները՝ներառյալ արհեստական բանականությունը, մեծ դեր ունեն, հատկապես ախտորոշման ոլորտում։ Արհեստական բանականությունը կարող է օգնել բժշկին ավելի արագ և ճշգրիտ գնահատել տվյալները, սակայն այն չի կարող փոխարինել բժշկին։ Վերջնական որոշումը միշտ կայացնում է մասնագետը։ Աշխարհում զարգանում է նաև ռոբոտային վիրաբուժությունը, և մենք արդեն առաջարկներ ենք ստացել այդ ուղղությամբ գիտական ծրագրեր իրականացնելու համար։

-Առողջապահական ապահովագրության ներդրումը ինչպիսի փոփոխություններ է բերել:

-Առողջապահական ապահովագրության ներդրումը զգալիորեն փոխել է իրավիճակը։ Եթե նախկինում միայն սոցիալապես անապահով խավն էր օգտվում անվճար ծառայություններից, ապա այժմ շատ ավելի մեծ թվով մարդիկ հնարավորություն ունեն ստանալու անհրաժեշտ բուժում։

Մենք այս տարվա ընթացքում տեսանք մեծ թվով պացիենտների, որոնք ունեին վերականգնվող կուրություն, սակայն տարիներ շարունակ չէին դիմել բուժօգնության։ Ժամանակին իրականացված վիրահատություններից հետո մարդիկ կրկին վերականգնում են տեսողությունը։

-Որո՞նք են կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերը։

-Շարունակում ենք զարգացնել երեք հիմնական ուղղություն՝ շինարարություն, բժշկություն և գիտություն։ Միաժամանակ մեծ ուշադրություն ենք դարձնում երիտասարդ մասնագետների պատրաստմանը, քանի որ նրանք են համակարգի ապագան։

-Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, որոնք հետաձգում են աչքերի հետազոտությունը։

-Ամենակարևոր խորհուրդը՝ ժամանակին դիմել բժշկի։ Շատ դեպքերում ուշացումը կարող է բերել անդառնալի հետևանքների։ Նույնիսկ ֆինանսական խնդիրների դեպքում այսօր հնարավոր է լուծումներ գտնել, ուստի պետք չէ հետաձգել բուժումը։

Կլինիկայի տնօրեն Հովսեփ Միրոյան նախաձեռնությամբ և ջանքերով կենտրոնում ստեղծվել է փոքրիկ թանգարան, որտեղ հավաքված են ակնաբուժական հին սարքավորումներ։ Թանգարանը ուսանողներին և, ինչու չէ, նաև կլինիկայի այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու այն սարքավորումներին ու հնարավորություններին, որոնցով տարիներ առաջ աշխատել են կենտրոնի հիմնադիրներն ու ավագ սերունդը։ Միաժամանակ, թանգարանում շրջելիս կարելի է տեսնել ակնաբուժության զարգացման և էվոլյուցիայի ամբողջ ուղին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում