Միացյալ Նահանգներ

Կուբայի ԱԳ նախարարը Ռուբիոյին մեղադրել է ստելու համար՝ ԱՄՆ-ի գործողություններն անվանելով «համակարգված ագրեսիա»

2 րոպեի ընթերցում

Կուբայի ԱԳ նախարարը Ռուբիոյին մեղադրել է ստելու համար՝ ԱՄՆ-ի գործողություններն անվանելով «համակարգված ագրեսիա»

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը «սուտ» է որակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն այն մասին, որ Կուբան «ազգային անվտանգության սպառնալիք» է ԱՄՆ-ի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռոդրիգեսը գրառում է արել X սոցիալական հարթակում։

«ԱՄՆ պետքարտուղարը կրկին ստում է, որպեսզի հրահրի ռազմական ագրեսիա, որը կհանգեցնի կուբացիների և ամերիկացիների արյունահեղության։ Կուբան սպառնալիք չէ և երբեք էլ սպառնալիք չի եղել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար։ Հենց ԱՄՆ կառավարությունն է անողոք և համակարգված ագրեսիա իրականացնում կուբացի ժողովրդի նկատմամբ և վերջին ամիսներին զբաղվել է բնակչության շրջանում հուսահատություն տարածելով և տնտեսության փլուզմամբ՝ արգելելով վառելիքի ներմուծումը և ամրապնդելով շրջափակման արտատարածքային բնույթը», - գրել է Կուբայի արտգործնախարարը։

Ռոդրիգեսի խոսքով՝ ԱՄՆ-ն է տասնամյակներ շարունակ գործել անպատժելիությամբ՝ թույլ տալով սեփական տարածքից «Կուբայի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» և «անվտանգ ապաստան տրամադրելով տխրահռչակ ահաբեկիչներին», որոնք խոստովանել են իրենց մեղքը։

«Պետքարտուղարը լավ գիտի, որ միակողմանի հարկադրական միջոցառումների ուժեղացումը, որոնց անողոք ճարտարապետն ինքն է եղել, Կուբայի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտն է, որն ամբողջական և կործանարար ազդեցություն ունի երկրի բոլոր ոլորտների, այդ թվում՝ մասնավոր հատվածի վրա», - հավելել է նա։

Ավելի վաղ պետքարտուղար Ռուբիոն Կուբան անվանել էր «ազգային անվտանգության սպառնալիք» ԱՄՆ-ի համար՝ նշելով, որ այդ երկրի իշխանությունների հետ դիվանագիտական լուծման հնարավորությունը «մեծ չէ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ խոսել էր Կուբայում ռազմական միջամտության հնարավորության մասին։

ԱՄՆ-ն նավթի մատակարարման արգելք է սահմանել Կուբայի նկատմամբ, որի հետևանքով երկրում խորացել է վառելիքի ճգնաժամը։ Վերջին ամիսներին ամերիկյան շրջափակման պատճառով կղզում էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ են լինում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում