Իրանի փոխարտգործնախարարն անդրադարձել է Թրամփի հայտարարություններին
1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին պատասխանել է Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղարբաբադին գրառում է կատարել X-ում։
«Ամերիկան ասում է․ «Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք Իրանի վրա հարձակումը, որպեսզի հնարավորություն տանք բանակցություններին», սակայն միաժամանակ խոսում է ցանկացած պահի մասշտաբային հարված հասցնելու մասին։ Սա նշանակում է «սպառնալիքը»՝ «խաղաղության հնարավորություն» ներկայացնել»,- գրել է Ղարիբաբադին։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Իրանը միասնական է ու վճռական, պատրաստ է դիմակայել ցանկացած ռազմական ներխուժման։
«Մեզ համար նահանջն իմաստ չունի․ կամ մենք կհաղթենք կամ կդառնանք նահատակ։ Ինչպես ասել է շահիդ Ռաջաբ Բեգին՝ Մենք մեծ ժողովուրդ ենք, գրեք մեր անունները պատմության մեջ։ Բոլոր գույներից մենք ընտրել ենք կարմիրը, բոլոր մահերից՝ նահատակությունը»,- գրել է նա։