Քաղաքականություն

The Insider-ը բացահայտել է, թե ովքեր են ՌԴ-ում համակարգում Հայաստանի ընտրությունների վրա ազդեցության արշավը

6 րոպեի ընթերցում

The Insider-ը բացահայտել է, թե ովքեր են ՌԴ-ում համակարգում Հայաստանի ընտրությունների վրա ազդեցության արշավը

The Insider-ը ծավալուն հոդված է հրապարակել՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր ազդեցության, ՌԴ նախագահի վարչակազմում Հայաստանի ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգման և Երևան ուղարկված պատասխանատուների մասին:

«Մոլդովայում և Հունգարիայում վերջին անհաջողություններից հետո Կրեմլն իր ռեսուրսներն ուղղել է դեպի Հայաստան, որտեղ հունիսի 7-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը այն բանից հետո, երբ նա սկսել է խորացնել հարաբերությունները Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ։ The Insider-ը բացահայտել է, թե Ռուսաստանի նախագահի վարչակազմում ով է համակարգում հայկական ուղղությունը, Արտաքին հետախուզության ծառայության (СВР), Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) և Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) որ սպաներն են ուղարկվել Երևան ու թե ինչպես են հայաստանյան ընդդիմադիր թեկնածուները կապված Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս նախաբանով է սկսում իր հոդվածը The Insider-ը:

Լրատվամիջոցը գրում է, որ Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավը համակարգում է 2025թ. ստեղծված Ռազմավարական գործընկերության և համագործակցության հարցերով ՌԴ նախագահին առընթեր վարչությունը (Управление президента по стратегическому партнерству и сотрудничеству, УСПС), որը ղեկավարում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հովանավորյալ, «Ռոսատոմ»-ի նախկին պաշտոնյա Վադիմ Տիտովը:

«Տիտովի գործունեության մեկնարկն այս պաշտոնում առանձնապես հաջող չի եղել․ Հունգարիայում ընտրություններից առաջ նա իր օգնական, նույնպես «Ռոսատոմ»-ի պաշտոնյա Եգոր Կվյատկովսկու հետ մեկնել էր Բուդապեշտ, սակայն քարոզարշավն ավարտվել էր Վիկտոր Օրբանի ջախջախիչ պարտությամբ։ Այժմ, սակայն, Տիտովը նոր հնարավորություն ունի իրեն դրսևորելու»,-գրում է լրատվամիջոցը:

Ռուսաստանի նախագահի վարչակազմում, ըստ The Insider-ի, Հայաստանի ուղղությամբ անմիջական համակարգողներն են Ռազմավարական գործընկերության և համագործակցության հարցերով նախագահական վարչության միջտարածաշրջանային և սոցիալ-մշակութային կապերի զարգացման դեպարտամենտի ղեկավար Վալերի Չերնիշովը և նրա տեղակալ Դմիտրի Ավանեսովը։ «Երկուսն էլ հատուկ ծառայություններից են։ Աբխազիայում ռուսական ռազմական ռազմաբազայում ծառայելուց հետո Չերնիշովը 2013 թվականին հրավիրվել է ռազմական հետախուզություն։ Նա Շչոլկովոյի շրջանի Զագորյանսկի գյուղում գտնվող 36360 զորամասում Գլխավոր հետախուզական վարչության սպաների վերապատրաստման դասընթացներում դասավանդել է դիվերսիոն աշխատանքի հիմունքներ։ Նախագահի վարչակազմում նա սկզբում զբաղվել է Վրաստանի ուղղությամբ, ապա տեղափոխվել Հայաստանի ուղղություն»,-գրում է լրատվամիջոցը։

Դմիտրի Ավանեսովն ավարտել է Պետրոս Մեծի անվան հրթիռային զորքերի ռազմական ակադեմիան և ունի գնդապետի կոչում։ 2012 թվականին նա վերապատրաստում է անցել ԱԴԾ-ի Մոսկվայի նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում՝ «ազգային անվտանգության վիճակի գնահատման, վերլուծության և կանխատեսման համակարգեր» ծրագրով։ Երկուսն էլ բազմիցս այցելել են Երևան, որտեղ հանդիպումներ են ունեցել Կրեմլի տեղական դաշնակիցների հետ։

«Ռուսաստանի կառավարությունում Հայաստանի ուղղությունը համակարգում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը գրեթե շաբաթական պարբերականությամբ վախեցնում է Երևանին լուրջ տնտեսական խնդիրներով, եթե Հայաստանը շարունակի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ»,-նկատում է The Insider-ը:

Շարունակելով շարքը՝ լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանում ամենաակտիվ խմբերից են Գորչակովի հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, որը տարածում է Կրեմլին համահունչ նարատիվներ, Կոմունիկացիաների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը, որի ղեկավարն է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության կադրային սպա Վլադիսլավ Գասումյանովը, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը՝ որպես արտաքին հետախուզության հետ կապված վերլուծական կենտրոն, ինչպես նաև «բազմաթիվ կեղծ քաղաքական վերլուծաբաններ, փորձագետներ, խորհուրդներ և կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են Կրեմլի կողմից»։

«Փաշինյանի դեմ քարոզչական արշավի առաջնագծում են վաղուց հայտնի դեմքեր, այդ թվում՝ սենատորներ Կոնստանտին Կոսաչովը և Կոնստանտին Զատուլինը։ Զատուլինը ղեկավարում է ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբը», որի անդամների թվում է միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատերը»,-գրում է The Insider-ը, որը նաև հրապարակել է, թե ինչ կապերով են Հայաստանում քաղաքական պայքարի հայտ ներկայացրած ուժերից երկուսի ղեկավարները՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, կապված Ռուսաստանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում