Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը․ Փաշինյանը՝ քարոզարշավին երեխաների ակտիվ մասնակցության մասին

4 րոպեի ընթերցում

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում երկրում տեղի է ունենում շատ խորքային քաղաքական գործընթաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպմանն այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քարոզարշավին երեխաների ակտիվ մասնակցությանը։

«Երեխաների ակտիվությունը քարոզարշավին գնալով մեծանում է, և ակնհայտ է, որ այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը։ Ամենալավ հեղափոխությունն այն է, որ անում են երեխաները, և, իհարկե, ամենալավ հեղափոխությունն այն է, որը ծառայում է երեխաներին։ Ես հիմա այսպես եմ հասկանում, որ մենք հիմա պարզապես ընտրական քարոզարշավի մեջ չենք։ Հայաստանում տեղի է ունենում շատ խորքային քաղաքական գործընթաց։ Այդ գործընթացն առաջնորդում են մեր երեխաները, որոնք պետք է մեզանից ընդունեն Հայաստանի Հանրապետության էստաֆետը, փոխանցեն իրենց հաջորդ սերնդին, նրանք էլ իրենց հաջորդ սերնդին։ Եվ մենք պետք է արձանագրենք, որ հաղթահարել ենք այն տրամաբանությունը, որ մեր կյանքը պլանավորում ենք Նոր տարուց հետո, տոներից հետո, արձակուրդից հետո։ Մեր պետության համար և մեր պետական կյանքում այն է փոխվել, որ մենք մեր կյանքը պետք է պլանավորենք տասնամյակներով, հարյուրամյակներով, հազարամյակով, որովհետև այսօր ձևակերպվում և շատ խորհրդանշական ձևով երեխաների կողմից որդեգրվում է Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության օրակարգը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անվտանգ, զարգացած, երջանիկ պետություն, պետք է գոյություն ունենա հավիտյան։ Եվ մենք այս խնդիրը պետք է լուծենք, և մենք այս խնդիրը լուծելով ենք զբաղված։ Եվ մեր խնդիրն այլևս առաջիկա ընտրություններով չի պարփակվում։ Մեր ընտրությունը հետևյալի մասին է․ մենք պետք է Հայաստանի Հանրապետությունն առաջիկա ընտրությունների արդյունքներով դուրս բերենք հենց հարյուրամյա և հազարամյա մայրուղի։ Սա է այն ամենակարևոր քաղաքական խնդիրը, որ մենք պետք է լուծենք։ Ամեն ու ամեն օրվա հետ ավելի եմ համոզվում, որ այս խնդրի լուծման ճանապարհին չկա այլևս որևէ խոչընդոտ, որովհետև ես կարծում եմ, ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրղն արդեն կայացրել է իր որոշումը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հունիսի 7-ին տեղի է ունենալու այդ որոշման ամրագրումը։

Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը, կառավարող մեծամասնությունն ու ժողովուրդը նույն զարկերակի վրա են։ «Ես ուրախ եմ, որ մեր սրտերը բաբախում են նույն ռիթմով։ Սա բացառիկ պատմական իրադրություն է, որ ժողովուրդը և Կառավարությունը նույն զգացողության, նույն զարկերակի և նույն տրամաբանության մեջ են։ Սա պատմական փոփոխություն և պատմական հնարավորություն է»,- նշել է Փաշինյանը։ 

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի