Ռոբերտ Քոչարյանը զինծառայողների, ուսուցիչների ատեստավորման համակարգում վերանայումների անհրաժեշտություն է տեսնում
4 րոպեի ընթերցում
«Հայաստան» դաշինքի անդամները՝ նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրն այցելել են Գեղարքունիքի մարզ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի ներկայացուցիչները կանգառ են կատարել մարզի Ճամբարակ քաղաքում ու Դպրաբակ գյուղում, զրուցել բնակիչների հետ՝ նրանց ներկայացնելով իրենց դաշինքի նախընտրական ծրագիրը։
Դպրաբակ գյուղում բնակիչներից մեկի հետ զրույցում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում ուժային կառույցների աշխատակիցների ատեստավորման մեխանիզմներին և աշխատավարձերին՝ ներկայացնելով նաև, թե ինչ փոփոխություններ են անելու այդ ուղղությամբ, եթե ընտրությունների արդյունքներով կարողանան իշխանություն ձևավորել։
«Այն կառույցներում, որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ՝ դատախազություն, քննչական կոմիտե և այլն, ոչ մի ատեստավորում չկա․ աշխատավարձերը միանգամից բարձրացնում են և վերջ, բայց բանակից, ուսուցչից ատեստավորում են ուզում։ Փոխելու ենք․ այս ամենն ամբողջությամբ վերանայվելու է»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա նաև ասել է, որ ընտրություններում իր թիմի հաջողության դեպքում վերանայելու են գյուղատնտեսությամբ զբաղվողներին պարարտանյութ, դիզվառելիք, թունաքիմիկատներ տրամադրելու կարգը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության բնակապահովման խնդիրներին, վստահություն է հայտնել, որ այդ հարցը 2-3 տարում կարելի է ամբողջությամբ լուծել։
Դաշինքի անդամները համայնքի բնակիչներին տեղեկացրել են, որ իրենց ծրագրի համաձայն՝ գյուղատնտեսական աշխատանքը պետք է ստաժ համարվի։
Այնուհետև «Հայաստան» դաշինքի անդամները իրենց քարոզարշավը շարունակել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։
Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։