Պուտինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է հանրաքվեի դնել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցը
5 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է հանրաքվեի դնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Ինչ վերաբերում է Եվրամիությանը միանալու Հայաստանի պլաններին, դա, իհարկե, հատուկ ուսումնասիրություն է պահանջում։ Մեկ անգամ չէ, որ ես այդ հարցը քննարկել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և մենք այստեղ յուրահատուկ ոչինչ չենք տեսնում։ Իրականում նա էլ կհաստատի, որ ես նրան մի քանի անգամ ասել եմ և հիմա էլ կարող եմ հրապարակային ասել, որ մենք կաջակցենք այն ամենին, ինչը շահավետ կլինի հայ ժողովրդի համար։ Մենք յուրահատուկ հարաբերություններ ունենք հայ ժողովրդի հետ հարյուրամյակներ շարունակ, և եթե հայ ժողովրդի համար շահավետ է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի։
Բայց, իհարկե, մենք պետք է հաշվի առնենք որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ համար, և՛ մեր գործընկերների համար։ Ի՞նչ նկատի ունեմ։ Օրինակ, Հայաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը, իհարկե, հիմա նվազել է, բայց ամեն դեպքում 2025 թվականին 7 միլիարդ դոլար է կազմել։ Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, ապա սա լուրջ մեծություն է։ Եվ Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Դա վերաբերում է գյուղատնտեսությանը, մշակող արդյունաբերությանը, մաքսային և այլ տուրքերին, միգրացիոն ոլորտին և այլն և այդպես շարունակ։ Եվ, իմ կարծիքով, Հայաստանի ժողովրդի և նաև մեր հանդեպ՝ որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ, ճիշտ կլինի որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել։ Օրինակ՝ անցկացնել հանրաքվե։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնելը և Հայաստանի քաղաքացիներին հարցնելը, թե ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան նաև մենք կանեինք համապատասխան հետևություններ և կգնայինք փափուկ, ինտելեգենտ և փոխշահավետ «ամուսնալուծության» ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահը։
Այս համատեքստում ՌԴ նախագահը հիշել է Ուկրաինային՝ շեշտելով, որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է ուկրաինական ուղղությամբ, սկսվել է նրանից, որ Ուկրաինան փորձում էր անդամակցել Եվրամիությանը։ Պուտինը պատմել է, որ դեռ այդ գործընթացի առաջին փուլն էր, Ռուսաստանն էլ սկսել էր այդ հարցը քննարկել եվրոպացիների հետ։ «Մենք նրանց ասում էինք, լսեք՝ ձեր երկրներում և Ռուսաստանում ֆիտոսանիտարական նորմերը բացարձակապես տարբեր են․․․ի դեպ, մենք շատ ավելի խիստ ֆիտոսանիտարական նորմեր ունենք։ Մենք ասում էինք՝ անհնար է, որ ձեր ապրանքը հայտնվի ռուսական շուկայում՝ Ուկրաինայի տարածքով, մենք չենք կարող դա թույլ տալ, իսկ մենք այդ ժամանակ բաց և ազատ առևտուր ունեինք Ուկրաինայի հետ։ Ես ասում էի, որ մենք ստիպված ենք լինելու փակվել։ Նույնը վերաբերում էր նաև մի ամբողջ շարք արդյունաբերական ապրանքների։ Ես անկեղծորեն զարմացած էի եվրոպացիների կոշտ դիրքորոշումից։ Նրանք բոլոր հարցերին պատասխանում էին՝ ոչ, ոչ, ոչ»,- մանրամասնել է Պուտինը։
Պուտինի պնդմամբ՝ այդ ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ուսումնասիրելով բոլոր հարցերը, հայտարարել էր, որ ինքը, հավանաբար, այդ պահին պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալ, քանի որ Ուկրաինայի տնտեսության համար վնասները չափազանց մեծ կլինեին։
«Նա չէր հրաժարվել անդամակցությունից, նա ասում էր, որ պետք է ամեն ինչ նորից վերլուծի։ Այս ամենը հետո հանգեցրեց պետական հեղաշրջման, ղրիմյան պատմությանը, Ուկրաինայի հարավ-արևելքի իրավիճակին, ռազմական գործողությունների։ Ահա թե ինչի դա հանգեցրեց։ Սա լուրջ հարց է, դրա համար պետք չէ ծայրահեղության հասցնել, պետք է ժամանակին ասել, որ մենք այսպես ենք անելու կամ այնպես ենք անելու։ Այստեղ յուրահատուկ բան չկա, պետք է ամեն ինչ հաշվարկել։ Ե՛վ հայկական կողմը պետք է հաշվարկի, և՛ մենք հաշվարկենք»,- ասել է Պուտինը՝ չբացառելով, որ այս հարցը կարող է բարձրացնել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովի ընթացքում։