«Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավային օրն ամփոփեց Սամվել Կարապետյանի տան բակում՝ նրա ելույթով
2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը մայիսի 8-ի քարոզարշավն ավարտեց դաշինքի առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի տան բակում, որտեղ ելույթ ունեցավ նաև նա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե այսօր սկսել են իրենց «գլխավոր հաղթաշարը» (նկատի ունենալով հաղթարշավ) և մեկ ամիս անց տոնելու են հաղթանակ։
«Ես շատ շնորհակալ եմ, որ առաջին իսկ օրից դուք եղել եք իմ ու մեր կուսակցության կողքին։ Շատ մեծ գործ ունենք անելու»,- նշեց Կարապետյանը` հավաքվածներին կոչ անելով իրեն իր սկսած պայքարում մենակ չթողնել։ Նրա խոսքով`ամեն օր զգացել է իր աջակիցների համախմբվածությունն ու միասնականությունը։
«Մենք պետք է ցույց տանք բոլորին, որ երրորդ համարը գալիս է, որ մեծ փոփոխությունները գալիս են, որ մեր հաղթանակները գալիս են, որ ուժեղ Հայաստանը գալիս է։ Մի կասկածեք, միասին մենք բոլորս հաղթելու ենք։ Առաջ դեպի մեր հաղթարշավ, բոլորս միասին, մեկ մարդու նման գնում ենք ընտրության, արթնացնում ենք մեր ամբողջ ժողովրդին։ Ամեն ինչ փոխվելու է շատ շուտով, փոփոխությունը գալիս է»,- ասաց Կարապետյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։