Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել․ Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել․ Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այնքան ամուր չեն եղել, որքան հիմա են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արմեն Գրիգորյանը հայտարարել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի «Եվրոպան՝ ուժի և գերակայության նոր ձևերի միջև․ աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները հսկայական փոփոխություններ են կրել։ Ես կհամարձակվեի ասել, որ նույնիսկ հեղափոխություն է տեղի ունեցել Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում։ Մենք շարունակաբար ասում ենք, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ և ջանքեր գործադրել»,-ասել է Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ներկայում Հայաստանը որդեգրել է բալանսավորված ու դիվերսիֆիկացված քաղաքականություն։

Նրա խոսքով՝ հեղափոխական փոփոխություններից է այն, որ այս ընթացքում հաջողվել է վերափոխել տարածաշրջանի՝ հակամարտության գոտի հանդիսանալու պատկերացումներն ավելի խաղաղ լինելու ընկալմամբ, ինչի արդյունքում ԵՄ-ի կողմից բարձր մակարդակով ներդրողներին կոչ է արվել գալ Հայաստան։  

«Մենք հույս ունենք և վստահ ենք, որ շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել՝ առաջին հերթին ինստիտուցիոնալացնելով խաղաղությունն Ադրբեջանի հետ՝ միևնույն ժամանակ տարածաշրջանը դարձնելով կայունության «կղզի»»,-շեշտել է Գրիգորյանը՝ հավելելով, որ այս ճանապարհին Հայաստանը Եվրոպական միությանը դիտարկում է որպես շատ կարևոր գործընկեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում