Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ արհեստական բանականության և ռազմարդյունաբերության ոլորտներում

3 րոպեի ընթերցում

Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ արհեստական բանականության և ռազմարդյունաբերության ոլորտներում

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ 

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ հուշագրի նպատակն է խթանել երկու երկրների միջև համագործակցությունը նշված ռազմավարական ոլորտներում՝ զարգացնելով գիտահետազոտական և նորարարական կարողությունները, ինչպես նաև նպաստելով համատեղ ծրագրերի իրականացմանը։ Այն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, տվյալագիտությունը և մեքենայական ուսուցումը, պետական ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում։

Ստորագրվել է մեկ այլ կարևոր Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև՝ համագործակցության վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։

Փաստաթուղթը միտված է խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտներում: Այն սահմանում է համատեղ գործունեության շրջանակ՝ ուղղված փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, պաշտպանական արդյունաբերության զարգացմանը: 

Ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություններ են ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում  հայ-ֆրանսիական համագործակցության խորացման համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի զարգացմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում