Իրան

Տոկիոն հաստատել է ճապոնական լցանավի անցումը Հորմուզի նեղուցով

2 րոպեի ընթերցում

Տոկիոն հաստատել է ճապոնական լցանավի անցումը Հորմուզի նեղուցով

Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են իրենց լցանավի անցումը Հորմուզի նեղուցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

«Ճապոնիայի հետ կապված նավը, որը գտնվում էր Պարսից ծոցում, անցել է Հորմուզի նեղուցով և հեռացել Պարսից ծոցից», - նշել է գերատեսչությունը։

Ընդգծվում է, որ նավը, որի անձնակազմում կա Ճապոնիայի երեք քաղաքացի, այժմ ուղևորվում է դեպի Ճապոնիա: Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կշարունակի ձգտել՝ հասնելու այն բանին, որ Իրանը թույլատրի  Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ անցում բոլոր, այդ թվում՝ ճապոնական նավերի համար։

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ ճապոնական Idemitsu Maru լցանավն անցել է Հորմուզի նեղուցով Իրանի օգնությամբ: Ըստ գործակալության տեղեկատվության՝ ճապոնական Idemitsu Kosan նավթավերամշակման գործարանին պատկանող լցանավը, որը փոխադրում էր 2 միլիոն բարել նավթ, փետրվարի վերջից գտնվում էր Սաուդյան Արաբիայի ափերի մոտ: Ընկերությունն այս թեմայում մեկնաբանություն չի արել՝ վկայակոչելով անվտանգության հետ կապված հարցերը: Ճապոնական զանգվածային լրատվամիջոցները նաև ընդգծել են, որ Տոկիոն չի վճարել Թեհրանին լցանավի անցման համար. դա տեղի է ունեցել  իրանական կողմի հետ Ճապոնիայի իշխանությունների բանակցությունների շնորհիվ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցը այդ երկու երկրի և նրանց աջակցող երկրների հետ կապված նավերի համար: Հակամարտության ընթացքում մի քանի լցանավ հարձակման է ենթարկվել առանց Թեհրանի թույլտվության նեղուցով անցնելու համար: Մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը թույլ է տվել Հորմուզի նեղուցով անցնել բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի և Պակիստանի նավերին:

Իր հերթին, ԱՄՆ ծովային շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում