2 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց շահութահարկի հավաքագրման տվյալները՝ նշելով, որ 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ այն կազմել է 265․8 միլիարդ դրամ՝ զգալի աճ արձանագրելով նախորդ տարիների համեմատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության ընկերությունների համար շահութահարկի վճարման վերջնաժամկետն է։
«Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք Հայաստանում շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցրել ենք 18 տոկոսի»,-նշեց վարչապետը։
Փաշինյանը ներկայացրեց նաև շահութահարկի հավաքագրման վերջին տվյալները։
«2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ, նախորդող 2025 թվականի համեմատ, վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ»,-ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ երկարաժամկետ կտրվածքով արձանագրվել է զգալի աճ։
«2017 թվականի համեմատ շահութահարկը ավելի է 5․4 անգամ կամ 444 տոկոսով»,-ընդգծեց Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ այս աճը պայմանավորված է մի քանի գործոններով։
«Սա երկու բանի մասին է։ Առաջինը՝ նախկինում առկա ստվերային շրջանառության մի մասը դուրս է բերվել ստվերից և այժմ մուտք է գործում պետական բյուջե՝ ծառայելով հանրային կարիքներին»,-նշեց վարչապետը։
Միաժամանակ, Փաշինյանի խոսքով, աճը պայմանավորված է նաև տնտեսական ակտիվության ընդլայնմամբ։
«Մյուս կողմից՝ մենք ապահովել ենք տնտեսական աճ, և 2018 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել են ինչպես համաշխարհային, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության միջին ցուցանիշներից բարձր աճեր»,-ասաց նա։