Տնտեսություն

2017 թվականի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 5.4 անգամ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

2017 թվականի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 5.4 անգամ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց շահութահարկի հավաքագրման տվյալները՝ նշելով, որ 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ այն կազմել է 265․8 միլիարդ դրամ՝ զգալի աճ արձանագրելով նախորդ տարիների համեմատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության ընկերությունների համար շահութահարկի վճարման վերջնաժամկետն է։

«Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք Հայաստանում շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցրել ենք 18 տոկոսի»,-նշեց վարչապետը։

Փաշինյանը ներկայացրեց նաև շահութահարկի հավաքագրման վերջին տվյալները։

«2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ, նախորդող 2025 թվականի համեմատ, վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ»,-ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ երկարաժամկետ կտրվածքով արձանագրվել է զգալի աճ։

«2017 թվականի համեմատ շահութահարկը ավելի է 5․4 անգամ կամ 444 տոկոսով»,-ընդգծեց Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ այս աճը պայմանավորված է մի քանի գործոններով։

«Սա երկու բանի մասին է։ Առաջինը՝ նախկինում առկա ստվերային շրջանառության մի մասը դուրս է բերվել ստվերից և այժմ մուտք է գործում պետական բյուջե՝ ծառայելով հանրային կարիքներին»,-նշեց վարչապետը։

Միաժամանակ, Փաշինյանի խոսքով, աճը պայմանավորված է նաև տնտեսական ակտիվության ընդլայնմամբ։

«Մյուս կողմից՝ մենք ապահովել ենք տնտեսական աճ, և 2018 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել են ինչպես համաշխարհային, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության միջին ցուցանիշներից բարձր աճեր»,-ասաց նա։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում