Մշակույթ

«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է. հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես կգան Երևանում

6 րոպեի ընթերցում

«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է.  հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես կգան Երևանում

Տևական ընդմիջումից հետո երևանյան համերգասրահ է վերադառնում «Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» բացառիկ նախագիծը, որն իր շուրջ է համախմբել հայ և օտարազգի բարձրակարգ երաժիշտների։

Դաշնակահարներ Վարդան Օվսեփյանը (ԱՄՆ/Հայաստան), Մարիո Լաժինյան (Պորտուգալիա), Կրիստիան Ռանդալուն (Էստոնիա) մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկատարեն ականավոր կոմպոզիտորների գործեր՝ ջազային մեկնաբանությամբ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախագծի հեղինակ Թովմաս Մարտիրոսյանը հիշեցնում է՝ առաջին համերգն անցկացվել է 2014 թվականին՝ դաշնակահարներ Արմեն Բաբախանյանի, Վահագն Հայրապետյանի և Տիգրան Համասյանի մասնակցությամբ։ Այն կրել է «Հայ դաշնամուրային երաժշտություն» խորագիրը։

«Այդ ժամանակահատվածում պարբերաբար տարբեր նախագծեր էի իրականացնում թե՛ Արմենի, թե՛ Վահագնի և թե՛ Տիգրանի հետ, և միտք հղացավ մեկ բեմում համախմբել այդ հրաշալի երաժիշտներին. երեք ռոյալ, երեք դաշնակահար։ Նրանց առաջին արձագանքը զարմանքն էր. չէին պատկերացնում, թե ինչպես են միասին հանդես գալու դասական և ջազ երաժիշտները։ Սկզբում խնդիր էինք դրել կատարել միայն հայ կոմպոզիտորների գործեր։ Համասյանը հիմնականում նվագում է իր հեղինակային գործերը, երբեմն էլ՝ ժողովրդական, Կոմիտաս։ Նրա նվագացանկում չկան Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, ուստի երկար էր մտածում, թե ինչպես է պետք մոտենալ նրանց։ Բոլորով հանդիպեցինք, քննարկեցինք գաղափարը, սակայն կատարողական մասը երաժիշտները դեռ չէին պատկերացնում։ Մի քանի ստեղծագործություն ֆիքսեցինք, որոնց շուրջ կարելի էր իմպրովիզացիաներ անել։ Կոնսերվատորիայում մի փորձ արեցինք, և գրեթե ամբողջ ծրագիրը կազմվեց։ Մեկ ամիս անց կրկին հանդիպեցինք, և ծրագիրն արդեն ամբողջությամբ պատրաստ էր»,-պատմում է Մարտիրոսյանն ու հավելում՝ համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում։

Երեք ռոյալով և երեք դաշնակահարի մասնակցությամբ համերգ այդ շրջանում առաջին անգամ է կազմակերպվել Հայաստանում, և համերգը քննարկումների ալիք  է բարձրացրել։ Եղել են նաև քննադատություններ՝ կապված դասական որոշ գործեր ջազային մեկնաբանությամբ ներկայացնելու հետ, սակայն Տիգրան Համասյանը վստահեցրել է՝ եթե դասական կոմպոզիտորները ներկա լինեին համերգին, նրանց այդ մոտեցումները դուր կգային։

«Նախագիծը մեծ հաջողություն ունեցավ, ուստի որոշեցինք այն շարունակական դարձնել։ Տիգրանն առաջարկեց համագործակցել Վարդան Օվսեփյանի հետ։ Նա մեր օրերի լավագույն ջազային դաշնակահարներից է, որն ապրում է արտերկրում։ Վարդանը ևս շատ հավանեց նախագիծը։ 2016-ին կայացավ երկրորդ համերգը՝ Արմեն Բաբախանյանի, Վահագն Հայրապետյանի և Վարդան Օվսեփյանի մասնակցությամբ։ Հետո Արմենն առաջարկեց նախագծում ընդգրկել օտարերկրացի դաշնակահարի, որը կկատարեր հայ հեղինակների գործեր։ 2020-ին աշխատեցինք Արմեն Բաբախանյանի, կորեացի անվանի դաշնակահար Փում Փրոմըչարթի և Եվա Գրիգորյանի հետ (Ռուսաստան)։ Կրկին հրաշալի երեկո կայացավ»,-հիշում է Թովմաս Մարտիրոսյանը։

Հետագայում Արմեն Բաբախանյանը մեկնում է Հայաստանից և հաստատվում Մալայզիայում, սակայն նախագիծը կրկին կյանքի կոչելու ցանկությունն այնքան մեծ է, որ Մարտիրոսյանն ու Վարդան Օվսեփյանն այս անգամ որոշում են համագործակցել Մարիո Լաժինյայի և Կրիստիան Ռանդալուի հետ՝ համերգային ծրագրում ներառելով ոչ միայն հայ, այլև օտար հեղինակների ստեղծագործություններ։ 

Վարդան Օվսեփյան

«Վարդան Օվսեփյանը հեղինակ-կատարող է, ուստի սպասվող համերգին կլինեն նրա գործերից, ինչպես նաև Կոմիտաս, Արամ Խաչատրյան՝ ջազային մեկնաբանությամբ։ Բեմում հանդիսատեսը տարբեր սերունդների ներկայացուցիչների կտեսնի։ Մարիոն ավագ սերնդից է։ Նա Պորտուգալիայում հայտնի երաժիշտ է, Կրիստիանն Էստոնիայում է մեծ ճանաչում վայելում։ Նա ևս ավագ սերնդից է և տեղի ջազի ամենակարկառուն դեմքերից է, դասավանդում է կոնսերվատորիայում, ունի մեծ լսարան։ Նրանց  Վարդանն է առաջարկել միանալ նախագծին։ Միասին են աշխատել, և  Վարդանը գիտի նրանց կշիռը ջազային աշխարհում»,-ասում է Մարտիրոսյանը։

Մարիո Լաժինյան և Կրիստիան Ռանդալուն առաջին անգամ են գալու Հայաստան։ Նախագիծը նրանց հատկապես հետաքրքրել է, քանի որ դուետներով բազմիցս հանդես եկել են, բայց երեք դաշնամուրով՝ ոչ։

Մարիո Լաժինյա

«Մարիոն, ապրելով Պորտուգալիայում և ծանոթ լինելով «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին, շատ բան գիտի հայ ժողովրդի, մեր մշակույթի և հայկական ջազի մասին, Կրիստիանը ևս բավականին տեղեկացված է։ Նրանք համերգից երկու օր առաջ կժամանեն Հայաստան։ Նրանց համար հետաքրքիր է առաջին անգամ լինել մեր երկրում և կատարել նաև հայ կոմպոզիտորների գործեր»,-ասում է նախագծի հեղինակն ու ընդգծում՝ օտար երաժիշտների մասնակցությունը նախագծին նպաստում է հայ երաժշտության հանրահռչակմանն ու տարածմանը։

Կրիստիան Ռանդալու

Չի բացառվում, որ հետագայում այդ երաժիշտներն իրենց նվագացանկում հայ կոմպոզիտորների գործեր ընդգրկեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում