5 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ վերջին 3.5 տարվա ընթացքում մայրաքաղաքի կանաչ տարածքները ավելացել են 60 հեկտարով՝ նոր պուրակների ստեղծման և նախկին կանաչապատ տարածքների վերականգնման հաշվին։
Ծրագրերի շրջանակում առաջնահերթ է համարվում ոռոգման համակարգերի ապահովումը, ինչի շնորհիվ ծառերի կպչողականությունը գերազանցում է 90 տոկոսը, իսկ ներկայում շարունակվում են նաև Դալմայի պուրակի 200–250 հեկտար ընդգրկող նախագծի մրցութային և նախագծման աշխատանքները։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ ընդգծելով, որ մայրաքաղաքում իրականացվող կանաչապատման ծրագրերը ներառում են ինչպես նոր կանաչ գոտիների ստեղծում, այնպես էլ արդեն գոյություն ունեցող այգիների և պուրակների վերականգնում ու բարեկարգում։
Ծրագրերի շրջանակում առաջնահերթ ուշադրություն է դարձվում ոռոգման համակարգերի ապահովմանը, որից հետո միայն իրականացվում են ծառատնկման աշխատանքները։ Այս մոտեցման արդյունքում ապահովվում է ծառերի բարձր կպչողականություն՝ գերազանցելով 90 տոկոսը։ Միաժամանակ օգտագործվում են Երևանի կլիմայական պայմաններին հարմարեցված և որակական բարձր հատկանիշներով ծառատեսակներ։
Վերջին 3.5 տարիների ընթացքում մայրաքաղաքում կանաչ տարածքները ավելացել են շուրջ 60 հեկտարով՝ ներառելով ինչպես նոր ձևավորված կանաչ գոտիներ, այնպես էլ նախկինում չկանաչապատված տարածքների վերականգնում։
Քաղաքում շարունակվում են նաև քաղաքային անտառների և անտառպուրակների ստեղծման աշխատանքները, որոնք դիտարկվում են որպես Երևանի էկոլոգիական համակարգի կարևոր բաղադրիչ։ Մասնագետների գնահատմամբ՝ նման տարածքները նպաստում են օդի որակի բարելավմանը և քաղաքային միջավայրի էկոլոգիական հավասարակշռությանը։
«Կանաչապատման գործընթացում ներգրավված են ոլորտի մասնագետներ և գիտական կառույցներ, որոնք մասնակցում են տարածքների պլանավորմանը և ծառատեսակների ընտրությանը՝ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը և հողային առանձնահատկությունները»,- նշեց Բեգոյանը։
Թեք և սողանքային գոտիներում տնկվում են ուժեղ արմատային համակարգ ունեցող ծառատեսակներ, իսկ հարթ տարածքներում՝ համապատասխան այլ տեսակներ։
Երևանի ամենամեծ կանաչ գոտին՝ Հաղթանակ զբոսայգին, զբաղեցնում է շուրջ 25 հեկտար տարածք։ Առանձնահատուկ նշանակություն ունի Դալմայի պուրակի տարածքում իրականացվող նախագիծը, որտեղ նախատեսվում է 200–250 հեկտար ընդգրկող լայնածավալ կանաչապատում։
Ներկայում նախագծի համար իրականացվում են միջազգային մրցութային գործընթացներ, որոնց շրջանակում ներկայացվել է շուրջ 16–17 հայտ։ Դրանցից նախնական ընտրությամբ առանձնացվել է 7 կազմակերպություն։
Վերջնական հաստատումից հետո այդ կազմակերպությունները կհրավիրվեն նախագծման հաջորդ փուլ, որից հետո նախատեսվում է Դալմայի պուրակի նախագծման աշխատանքների իրականացում։
Պատասխանատու կառույցների փոխանցմամբ՝ այս տարվա ընթացքում նախատեսվում է ավարտել նախագծման փուլը, որին կհաջորդեն շինարարական և ծառատնկման աշխատանքները։
Միաժամանակ կանաչապատման ծրագրեր են իրականացվում նաև Նորք Մարաշ վարչական շրջանում, որտեղ մի շարք տարածքներ գտնվում են իրավական կարգավորման փուլում և դիտարկվում են բացառապես կանաչապատման նպատակներով օգտագործման համար։
Բանախոսի խոսքով՝ բոլոր ծրագրերն իրականացվում են համապատասխան մասնագիտական և գիտական ներուժի ներգրավմամբ՝ ապահովելու երկարաժամկետ և կայուն արդյունք։
Դպրոցականների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ծառատնկման գործընթացին կարևորվում է որպես բնապահպանական իրազեկվածության բարձրացման և համայնքային ներգրավվածության գործոն։
«Ընդհանուր առմամբ, իրականացվող ծրագրերի նպատակն է Երևանում ձևավորել ավելի ընդարձակ, որակական բարձր չափանիշներին համապատասխանող կանաչ միջավայր՝ նպաստելով մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը»,- եզրափակեց Արմեն Բեգոյանը։
Լուսինե Ջալալյան