Հայաստան

Փաշինյանը կարևորել է ոստիկանության ճկունությունն ու մեդիաառաջնորդության ստանձնումը

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորել է ոստիկանության ճկունությունն ու մեդիաառաջնորդության ստանձնումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակին համընթաց ոստիկանության ճկունությունն ու դինամիկությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեմային Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ոստիկանության 108-րդ տարեդարձի առթիվ կոլեգիայի հանդիսավոր նիստին։

«Այսօր՝ 21-րդ դարում, ռեպուտացիայից ավելի կարևոր բան չկա, և մեդիատիրույթում երբեմն երկրորդական է դառնում իրականությունը, ավելի կարևոր է դառնում, թե ինչպես է մատուցվում իրականությունը: Այս առումով ոստիկանությունը, ՆԳՆ առաջնորդությամբ, մեդիաառաջնորդություն պետք է ստանձնի, որպեսզի այդ հաղորդակցությունը հնարավոր լինի պատշաճ մակարդակով ապահովել»,-ասել է Փաշինյանը։

Նա բարձր է գնահատել ոստիկանության գործունեության նկատմամբ հանրության վստահության ցուցանիշը՝ կարևորելով ժամանակին համապատասխան ճկունությամբ դրա շարունակական բարձրացումը։

«Հոյակապ է, շատ լավ է, որ ՀՀ-ում ոստիկանության գործունեության նկատմամբ 61 տոկոս վստահություն կա։ Իսկապես, դա շատ լավ է, և իսկապես, դա շատ բարձր գնահատական է, բայց ո՞վ է ասել, որ մենք գոհ ենք, որ 61 տոկոս է, իսկ ինչո՞ւ 85 տոկոս չէ։ Գոհանալով 61 %-ով, մենք պետք է ասենք՝ ի՞նչն այնպես չենք անում, որ 85,90,95 տոկոս չի։ Կարող է պարզվել, որ ինչ-որ բան այնպես չենք անում, ինչ-որ բան այնպես չենք ներկայացնում, ինչ-որ բան չենք նկատում, ինչ-որ բանի վրա ավելի շատ էներգիա ենք ծախսում, քան պետք է ծախսենք, և իրականում պետք է ծախսել այլ ուղղությամբ։ Ես նկատի ունեմ, որ ոստիկանությունը պետք է լինի 21-րդ դարում, այս դարում ընդհանրապես, դինամիկ և ճկուն։ Ոչ դինամիկ և ոչ ճկուն, ոչ մի համակարգ չունի, շանս »,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ դինամիկ փոխվելու պոտենցիալն ու, համակարգերն արդեն իսկ ստեղծվել են։

Փաշինյանը շեշտել է որ ոստիկանության բոլոր ծառայողները առաջնորդություն ստանձնելու անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, ոստիկանի համազգեստ կրելն առաջնորդության նշան է իր պատասխանատվության գոտում։

«Ոստիկանությունը ՀՀ-ում ներքին անվտանգության առանցքային դերակատարն է։ Հայաստանի Հանրապետությունում ներքին անվտանգության հետ կապված խնդիրներ կան, բայց միանշանակ և աներկբա է, որ առանձին դրվագներ հանած՝ ներքին անվտանգության ճգնաժամեր մենք չենք ունեցել, և սա շատ կարևոր արձանագրում է։ Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ձեր նվիրվածությանը, հավատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմին, հավատում եմ ձեր ներուժին, որ դուք կկարողանաք խնդիրներ լուծել և կկարողանաք այնպես անել, որ ոչ միայն ոստիկանությունն ընդհանուր առմամբ, այլև ամեն ոստիկան ամեն հաջորդ օրվա հետ լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, քան երեկ էր»,- ընդհանրացրել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում